▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե սա պարզապես տգիտություն էր՝ պետք է պատասխանատվություն լինի․․․»

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՀԱՄԵՐԳ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ ՊԱՐԶԱՊԵՍ «ՍԽԱԼ» ՉԷՐ․
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽՎԻ ԵՎ ՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ․
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրվել է Թաթա Սիմոնյանի համերգը։ Հանրայինը հաջորդ օրը հայտարարել է, որ դա սխալ էր, ամբողջությամբ ընդունել է պատասխանատվությունը և ներողություն խնդրել։
Բայց ինձ համար այստեղ հարցը չի ավարտվում «ներողություն ենք խնդրում» ձևակերպմամբ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ ՉԷ։
Այդ օրը մեր հասարակության համար կապված է զոհերի, անհետ կորածների, կորստի, հայրենազրկման և տարիներ անց էլ չմարող ցավի հետ։
Եվ հենց այդ օրը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնվում է ժամանցային համերգ։
Սա պարզապես եթերացանկի սխալ ընտրությո՞ւն էր։
Թե՞ հանրության և զոհերի հիշատակի նկատմամբ ընդգծված անհարգալից վերաբերմունք։
Իմ գնահատմամբ՝ Հանրայինի եթերում ոչ միայն բացակայել է զոհերի հիշատակի և հասարակության ցավի նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, այլև այդ վերաբերմունքի հետևանքով հասարակության առնվազն մի մասին պատճառվել են ուժեղ հոգեկան ապրումներ և տառապանք։
Այստեղ ես միտումնավոր չեմ ասում, թե արդեն իսկ ապացուցված է, որ դա արվել է դիտավորությամբ։
Հակառակը՝ հենց դա պետք է պարզել։
- Ո՞վ է կայացրել այդ որոշումը։
- Ո՞վ է այն հաստատել։
- Ի՞նչ հանգամանքներում է այն ընդունվել։
- Արդյո՞ք որոշում կայացնողները գիտակցել են սեպտեմբերի 27-ի նշանակությունը։
- Եվ արդյո՞ք առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են քրեական իրավական գնահատական։
Որովհետև եթե սա պարզապես տգիտություն էր՝ պետք է պատասխանատվություն լինի։
Եթե անփութություն էր՝ կրկին պետք է պատասխանատվություն լինի։
Իսկ եթե դա գիտակցված վերաբերմունք էր՝ հասարակությունն իրավունք ունի իմանալու այդ մասին և պահանջելու համապատասխան իրավական հետևանքներ։
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՓԱԿԵԼ ՄԻԱՅՆ «ՍԽԱԼԻ» ԵՎ «ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ» ՀԱՇՎԻՆ։
Հանրային հեռուստատեսությունը պարզապես հերթական ժամանցային ալիքը չէ։ Հանրայինի եթերը հանրային միջոցներով գործող կառույցի եթեր է, և դրա նկատմամբ պահանջը պետք է լինի շատ ավելի բարձր՝ հատկապես այն օրերին, որոնք մեր հասարակության համար ունեն ծանր ու բացառիկ նշանակություն։
ՈՒՍՏԻ՝ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ.
- Նախաձեռնել իրավական գործընթաց՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայությունը։
- Հանրությանը ներկայացնել՝ ով և ինչ հիմքով է որոշել սեպտեմբերի 27-ին հեռարձակել այդ համերգը։
- Պարզել՝ արդյոք նման որոշումը հետևանք է եղել մասնագիտական անփութության, կառավարչական ձախողման, թե այլ հանգամանքների։
- Իրականացնել Հանրային հեռուստաընկերության կառավարման, անձնակազմի և եթերային քաղաքականության ամբողջական փոփոխություն։
Իմ համոզմամբ՝ ներկայիս Հանրային հեռուստաընկերության գործունեությունը պետք է դադարեցվի, և դրա փոխարեն պետք է ստեղծվի նոր հանրային հեռուստաալիք՝ նոր անձնակազմով, նոր կառավարման համակարգով և հանրության ու նրա ցավի նկատմամբ հստակ պատասխանատվությամբ։
Սա Թաթա Սիմոնյանի դեմ չէ։
Խնդիրը համերգը չէ։
ԽՆԴԻՐԸ ԱՅՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է, ՈՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԵԹԵՐՈՎ ՑՈՒՑԱԲԵՐՎԵԼ Է ԱՅԴ ՕՐՎԱ, ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ։
Եվ հիմա ամենակարևոր հարցը.
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ «ՍԽԱԼԻ», ԱՅԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ԹԵ ԻՆՉՈՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՐԳԵՑ ԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ, ՈՐԻ ԱՆՈՒՆՈՎ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՄ Է»։

Հասարակություն ավելին