Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը Գանձասարում օտարերկրյա դիվանագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ այն ներկայացրել է որպես «աղվանական» քրիստոնեական ժառանգություն՝ հերթական անգամ փորձելով Գանձասարը տարանջատել հայկական պատմությունից և մշակույթից։
Էդմոն Մարուքյանը խոսում է այն մասին, թե ինչու այսպիսի գործողությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների լռությունը վտանգավոր է, և ինչու Գանձասարի հայկական պատկանելության հարցը միայն Արցախի տարածքային կարգավիճակի հետ կապված թեմա չէ։
Եթե հայկական կողմը չի արձագանքում իր պատմական ու մշակութային ժառանգության վերագրմանը, միջազգային գործընկերներից դժվար է ակնկալել, որ նրանք մեր փոխարեն պաշտպանեն հայկական դիրքորոշումը։
Մարուքյանը խոսում է նաև Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքի, խաչի դաջվածքները հեռացնելու մասին հրապարակված տեղեկությունների և այն մասին, թե ինչու այս ամենը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս։
«Իմ պահանջը պարզ է․ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Գանձասարը հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգություն է, և արձագանքեն դրա ինքնության խեղաթյուրմանը։ Ես նաև կարծում եմ, որ Ադրբեջանը նման քայլերով ոչ միայն պատմությունն է վերաշարադրում, այլ ստեղծում է իր հետագա քաղաքական պահանջների համար անհրաժեշտ հիմքը։ Այդ պատճառով Հայաստանը պետք է ոչ միայն արձագանքի դիվանագիտական հարթակներում, այլև ամրապնդի սեփական անվտանգությունը, բանակը և պաշտպանունակությունը»,-ասում է Մարուքյանը։


