Շամշյան.com-ի փոխանցմամբ՝ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն ասել է․ «Շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, հակառակ դեպքում ծանր խնդիրներ կունենաս»։
Քաղաքացին, ըստ հաղորդման, նշել է նաև, որ Հովիկ Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ ստացել է 470 մլն դրամի վարկ, սակայն հետագայում, իր պնդմամբ, դիտավորյալ ստեղծվել են սնանկության հատկանիշներ, ինչի հետևանքով իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի տեսքով։
Նրա գնահատմամբ՝ վնասը կազմել է շուրջ 6-7 մլն դոլար։ Քաղաքացին դա կապում է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու հետ, որի հետևանքով, ըստ նրա, օրական շուրջ 16 մլն դրամի վնաս է կրել։
Նշված հանգամանքները ներկայացվում են քաղաքացու հաղորդման համաձայն և ենթակա են համապատասխան քննության։


