▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին․ «Կարճ ասած»․
Օրերս Կասպից ծովում անցկացվող զորավարժությունների ժամանակ 17 ղազախ զինծառայող հայտնվեց ծովում, նրանցից 14-ը զոհվեց։ Բարձրաստիճան զինվորականներ կալանավորվեցին, իսկ երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Ղազախստանի նախագահ Տոկաևը պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարարին։ Այս լուրը կարդացողներն անմիջապես համեմատություն տարան Հայաստանի հետ, որտեղ 2023թ․ հունվարին վառվեց խրճիթ, որը Սուրեն Պապիկյանն օգտագործում էր որպես զինվորների համար զորանոց, և զոհվեց 15 զինծառայող: Նախարարն անգամ պաշտոնական ամոթանք չստացավ։ Եթե Ղազախստանում ողբերգության պատճառները պարզելու համար կառավարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով, մեր դեպքով Նիկոլը հավաքեց կառավարության անդամներին և մեղքը բարդեց սպայի վրա, թե՝ վառարան է վառել և այլն, ու հարց էլ չտվեց ինքն իրեն, թե ինչու է զինվորն ապրում այդպիսի պայմաններում։
Մեր երկրի բնակչությունը հազիվ 2.5 մլն է, Ղազախստանինը՝ 21 մլն։ Հասկանալիորեն, բանակի թիվն էլ է ավելի մեծ։ Ղազախստանի բանակում այս տարի՝ մինչ այս զորավարժություններն ու զոհերը, համաձայն բաց աղբյուրների, զոհվել էր 9 զինծառայող․ վարժանքների ժամանակ, վրաերթից, հիվանդության պատճառով, զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում։ 9-ից միայն 1-ն էր սպանություն։ Մեր երկրի բանակն ինքնասպանությունից աչք չի բացում։ Նույն Ղազախստանի ողբերգության օրը՝ սեպտեմբերի 24-ին, մեր բանակում սպանվեց 23-ամյա պայմանագրային զինծառայող։ Կարդացինք՝ նռնակի պայթյունին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։
Մեր բանակում այս բարդակի արդյունքում զոհերը մշտական են․ ո՞ւր է պատասխանատվությունը։ Ղազախստանում զորավարժությունների ժամանակ 14 հոգի զոհվում է, ստանձնում են պատասխանատվություն, հեռացնում են։ Այստեղ 15 հոգի զոհվում է, ՊՆ-ն չաղ է, բախտավոր, ուրախ, տներն ու եկամուտներն ավելացել են։ Հասկանում ենք, ինքը չունի էդ բարոյական նկարագիրը, որ ինքնակամ գնա, մանավանդ, որ տարեկան մի 30 միլիոն ստանում է, մի էդքան էլ կավելանա։ Բայց իրեն նշանակո՞ղը։ Նա ունի՞։
Ամիս չկա, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում զոհ չլինի բանակում բարդակի արդյունքում և Պապիկյանի՝ «դո՞ւ խի չես զոհվել» ելույթի շրջանակներում։ Պաշտպանության նախարար աշխատողից լսել ենք ամենացինիկ հայտարարությունը․ «Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է»։ Այ քեզ նորություն։ Բա ո՞ւմ մեղադրենք, գյուղատնտեսության փորձագետների՞ն։
Սրանց մոտ արդարանալը սովորություն է․ ՔԿՀ-ներում մի տարում 25 հոգի մահանում է, ինքնասպան է լինում, Արդարադատության նախարարին հարցնում են՝ ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, կատաղում է․ «Արգելում եմ խոսել իմ մեղավորության մասին։ Իսկ դուք մեղավոր համարո՞ւմ եք, որ դրսում մարդ է մահանում»։ Չեմ չափազանցնում, Գալյան Սրբուհու պատկերացումն է։ Եթե քաղաքացին գտնվում է պետության ամբողջական վերահսկողության ներքո, պետությունն ունի նրա կյանքի և առողջության նկատմամբ առանձնահատուկ պարտականություն ու պատասխանատվություն։ Այո, մեղավորը հենց Արդարադատության նախարարն է, ում օրոք մահվան և ինքնասպանության դեպքերը կրկնապատկվել են, իսկ ինքը ստացել է այնքան շատ պարգևավճար, որ անգամ չէր հիշում՝ 7 մլն էր, 8 մլն էր թե ինչ էր։
Երևի պատասախանատվությունից թռնելը շեֆից են սովորել․ եթե նա 5 հազարին տարավ գերեզման ու ասաց՝ «մեղավոր եմ, պատասխանատու չեմ» կամ էլ հակառակը, Սուրեն Պապիկյանն ինչո՞ւ պետք է պատասխան տա իր օրոք հարյուրավոր զինվորների խլված կյանքի համար։ Եթե դատարանները աջ ու ձախ անհիմն կալանք ու դատապարտման վճիռ են տալիս՝ պատասխանատվություն չկրելով, դատապարտյալի մահվան համար ինչո՞ւ պետք է դա լինի։
Գիտե՞ք, Պաշտպանության նախարարը կարող է անձամբ չի սպանել զինվորին, չի հրդեհել զորանոցը, արդարադատության նախարարը միգուցե անձամբ չի բռնություն կիրառել դատապարտյալի նկատմամբ։ Բայց պետության կառավարման մեջ կա քաղաքական և կառավարչական պատասխանատվություն կարևոր հասկացությունը։ Չի կարելի ինքնաբերաբար ասել, թե ցանկացած ողբերգությունից հետո նախարարը պետք է հեռանա պաշտոնից։ Բայց երբ դրանք մշտական են, երբ բարդակ է, հարցեր են առաջանում․ արդյո՞ք համակարգը ճիշտ է կառավարվում, արդյո՞ք վերահսկողության մեխանիզմները աշխատում են, արդյո՞ք նախկին դեպքերից հետևություններ են արվել, արդյո՞ք այդ համակարգի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել։ Եթե 120 հազար դրամ ստացող սահմանապահն ունի պատասխանատվություն, ուրեմն 30 միլիոն ստացող նախարարի դեպքում ավելի մեծ է դա։ Երբ վերևներում ոչ ոք պատասխանատվություն չի կրում համակարգային ձախողման համար, միջին և ստորին օղակները դադարում են զգոն լինելուց։ Մեր երկրում քաղաքացիների մոտ ձևավորվել է համոզմունք, որ պետությունը չի արժևորում մարդկային կյանքը, իսկ պաշտոնը միայն արտոնություն է։ Բայց դե ո՜ւմ համար ենք ասում, հազարավորներին մահվան տարածներին, հարյուր հազարավորին անտուն թողածներին, կյանք ու ճակատագիր խեղածներին եկել ուզում ենք բացատրել, թե քաղաքական պատասխանատվությունն ինչ է։
Կարճ ասած՝ Հայաստանի հավաքականը երեկ 3 գնդակ է բաց թողել, կրել պարտություն և դրանով նյարդայնացրել է ՔՊ-ական պատգամավորին․ սա էլ նեղսրտած գրում է, թե՝ ո՞նց կարող է այսքանից հետո հավաքականի դարպասապահը մնա։ Այսինքն, ըստ ՔՊ-ի՝ պատասխանատվությունն աշխատում է միայն էն ժամանակ, երբ դա վերաբերում է ուրիշներին։ Իսկ հարցնենք՝ այդ ՔՊ-ականը, նրա շեֆը Հայաստանի Հանրապետության դարպասներին քա՞նի գոլ են թողեել, այդ գնդակներից քա՞նիսի հարվածներն էր մահացու և ինչպե՞ս եղավ, որ շարունակում են մնալ ՀՀ քաղաքական հավաքականի խաղացողներ։ Այդ դարպասապահի բաց թողած գոլի արդյունքն էլ նայեք, ձեր բաց թողած գոլերին էլ․․․»։

Հասարակություն ավելին