
Ռուսական «Известия» պարբերականը հետաքննություն է հրապարակել ԵԱՏՄ տարածքում արտադրանքի հավաստագրման համակարգում ենթադրյալ խախտումների վերաբերյալ՝ պնդելով, որ առանց պատշաճ լաբորատոր փորձարկումների տրված փաստաթղթերը շարունակում են օգտագործվել Ռուսաստանում ապրանքներ վաճառելու համար։
Պարբերականի աղբյուրների վարկածով՝ սխեմաներում ներգրավված են Հայաստանի և Ղրղզստանի հավաստագրման կենտրոններ, որոնք, ըստ հրապարակման, առանց անհրաժեշտ փորձարկումների տրամադրել են արտադրանքի որակը հաստատող փաստաթղթեր։
«Известия»-ի տեղեկություններով՝ այդ կենտրոնների շահերի հնարավոր լոբբինգի հետևում կարող է կանգնած լինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը։ Պարբերականը նաև հարցեր է բարձրացրել ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգի ներդրման ձգձգումների վերաբերյալ։
Հրապարակման համաձայն՝ 2025 թվականին Ղրղզստանի երեք հավաստագրման կենտրոններ ռուսական ընկերություններին տրամադրել են ավելի քան 15,5 հազար հավաստագիր։ Նման փաստաթղթերի տրամադրման դեպքերի առնչությամբ, ըստ պարբերականի աղբյուրի, քրեական վարույթներ են հարուցվել, իսկ Հայաստանի և Ղրղզստանի մի շարք լաբորատորիաների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։
Պարբերականը նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիության հետ հավատարմագրման ոլորտում համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով ԵԱՏՄ միասնական վերահսկողական համակարգի ներդրման խնդիրների համատեքստում։
Նշենք, որ Վարոս Սիմոնյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ պնդումները ներկայացված են որպես պարբերականի աղբյուրների վարկածներ։ Հրապարակման մեջ ներկայացված մեղադրանքները ինքնին չեն հաստատում նրա մեղավորությունը։
Աղբյուրն՝ այստեղ


