Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի անգամ նստեցի, որ գրեմ, հետո հասկացա, որ ուժ չունեմ։ Բայց չգրելն ավելի էր ուժասպառ անում։
Գիտե՞ք՝ ես ընդհանրապես չեմ զարմանում կոնկրետ այս բլոգերների անթույլատրելի և անմակարդակ արտահայտություններից ու պահվածքից։ Ես նմաններին չեմ հետևում։ Իրենց անգամ լսելն է տհաճ, ուր մնաց՝ հետևեմ։
Ես զարմանում եմ ձեզ վրա։
Այո՛, հենց ձեզ՝ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր շարունակում եք հետևել նման արժեհամակարգ ունեցողների, լայքել, տարածել, մեկնաբանել, իսկ հետո մի հատ էլ հարյուրավոր հազարավոր դրամներ վճարել նրանց՝ ձեր բիզնեսը գովազդելու համար…
Մեկ նախադասության մեջ մի քանի սխալ անող բլոգերներն այսօր ձեր շնորհիվ միլիոններ են վաստակում, ու պարզ է, որ նմանները պետք է ծաղրեն, արժեզրկեն և՛ կրթությունը, և՛ կիրթ մարդկանց։ Տո՛, համարժեք վճարի դիմաց ուրանան նաև հայրենիքը։
Մի՛ զարմացեք, թե ո՞վ է նրանց այդքան մեծ ազդեցություն տվել։
Դուք։
Դուք եք նրանց լսարան տվել։
Դուք եք նրանց հեղինակություն տվել։
Դուք եք նրանց գումար տվել։
Դուք եք նրանց դարձրել պահանջված։
Մի՛ զարմացեք արդյունքից։
Եթե դուք փող եք տալիս անգրագիտությանը՝ այն ազդեցություն է ստանալու։
Եթե դուք լսարան եք տալիս անարժեք բովանդակությանը՝ այն տարածվելու է։
Եթե դուք հեղինակություն եք տալիս մարդկանց, ովքեր ամեն ինչ պատրաստ են ասել հանուն գումարի՝ նրանք շարունակելու են ասել։
Ու հետո մի՛ ձևացրեք, թե չգիտեք՝ ինչու է հանրային խոսքի մակարդակն այսքան իջել։
Ես իսկապես այլևս շատ բան չունեմ ասելու։
Ինչպես կասեր իմ հարազատը՝ ճտիկով միացող բլոգերներ...
Հ.Գ. Գրածս չի վերաբերում բոլոր բլոգերներին։ Մենք իսկապես ունենք որակով կոնտենտ ստեղծող բլոգերներ, և ես սիրով հետևում եմ նրանց։
Հ.Գ.Գ. Խնդրում եմ՝ մեկնաբանություններում անձնական վիրավորանքներ չգրել:


