▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան

«Կա լուրջ մտավախություն, որ սրանով կարողանալու եք ստանալ որոշակի տեղեկություն, որը, հաշվի առնելով մեր երկրում զարգացումները՝ բռնակալությանը միտված, կարող է ուղիղ գործիք լինել մարդկանց ճնշելու համար: Կվախենան ֆինանսավորել օրինակ ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով քաղաքացիների կողմից ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագծի մասին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

***

«24նյուզ»-ի եթերում անդրադառնալով նախագծին՝ նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ ասել է. «Իրենք կկարողանան տեսնել, թե որ քաղաքացին որ ԶԼՄ-ին գումար փոխանցեց: Ո՞վ է երաշխիք տալու, որ չի արտահոսելու այդ տվյալը, ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին, որն իքս կազմակերպության աշխատակից է, հետո հետապնդումների չի ենթարկվելու պետության կողմից, որ, օրինակ, անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել»:

***

«2027-ի հունվարի 1-ից, համընդհանուր հայտարարագրման համակարգով, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»,- նոյեմբերի 2-ին, բյուջետային քննարկման ժամանակ, ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով. «Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելուց ու հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել: Իհարկե հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին ֆինանսական մեծ հոսքեր կուղղվեն, բայց դա մեծապես կախված է նրանցից, թե կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցներն ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվության կարիքն ու անհրաժեշտությունը»:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ հանձնաժողովի նիստում վերոնշյալ նախագծի աշխատանքային քննարկումներն են: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն ասաց. «Նախատեսում ենք, որ քաղաքացիները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներից որոշակի գումարներ ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին (գումարի չափը նախատեսված է 1000 դրամ՝ յուրաքանչյուր ՀԿ-ի, լրատվամիջոցի կամ կուսակցության համար. առավելագույնը կարող է լինել 3000 դրամ): Օրենսդրական փոփոխությունը միայն ուղղությունն է նշում, մնացած դետալները՝ պահանջներ և այլն, վերապահվում է կառավարությանը»:

Նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Եթե օրինագծի նպատակն այն է, որ պետք է անկախ լինեն ՀԿ-ները, ԶԼՄ-ները, կուսակցությունները, բայց, միաժամանակ, ցանկը պետք է սահմանի կառավարությունը, բա էլ ումի՞ց պետք է անկախ լինեն»: Փոխնախարարն ասաց. «Որևէ բան ես չնշեցի՝ կապված, որ կառավարությունը ցանկ է սահմանել, ասացի՝ որոշակի պահանջներ կան, որոնք բովանդակության հետ կապ չունեն, այսինքն՝ պահանջներից մեկը, օրինակ, որ երկու տարի պետռեգիստրում գրանցված լինի: Բովանդակային որևէ սահմանափակում չկա»:

Թովմասյանը մյուս հարցը տեխնիկական էր. «Հայտարարատուն մտավ, բացեց, ՍՊԸ-ների ցանկ պետք է լինի, չէ՞, որ ընտրի, դա ինչպե՞ս է լինելու»: Սահակյանն արձագանքեց. «Որոշակի տեղեկատվություն՝ ՊԵԿ ներկայացնելու պահանջ է լինելու՝ անվանում, եկամուտների, ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, ու եթե մնացած պայմաններին (գրանցված լինի, հարկային պարտավորություն չունենա), բավարարի, կհայտնվի ցանկում»:

Հասարակություն ավելին