Արթուր Դանիելյանը գրում է. «Մեծ գայթակղություն կա համարել, որ անարդար է, որ հայերի գլխին իջած աղետի բեռն իրենց մաշկի վրա զգում են մեզնից այն եզակիները, որ դրանում ամենափոքր մեղքն ունեն: Ինձ էլ է մեծ ցավ պատճառում տեսնել, թե ինչպես են չարչարվում այն մարդկանց հոգիները, որոնք, ի տարբերություն շատերի (այդ թվում՝ ինձ), երբեք չեն գայթակղվել կեղծ բարեպաշտների ժողովրդահաճո ելույթներով, կեղծ ժողովրդավարների դրդմամբ չեն փնովել սեփական երկիրը՝ այն հռչակելով բռնապետական: Կեղծ մարդասերների դրդմամբ չեն արդարացրել հանցագործներին ու դատափետել իրավապահներին: Կեղծ հայրենասերների նման չեն հերոսացրել փուչ հերոսներին՝ նսեմացնելով իրական վաստակ ունեցողներին: Հոգեվորսներին չեն տրվել ու չեն քարոզել հակամարդկային հերետիկոսություններ: Չեն գողացել պետությունից, չեն աղտոտել սեփական երկիրը: Ծառայել են որպես քաղաքացի, որպես զինվոր, որպես դասատու, բժիշկ, գործարար, բանվոր: Չեն խաբել, չեն գցել մարդկանց: Իրենց գործն արել են շնորհքով, չեն գնացել գործարքի սատանայի հետ, հոգիները չեն ծախել:
Հենց այս մարդիկ են հիմա ամենաշատը չարչարվում, իրենց հոգու ցավն է ամենասուրը: Ցավ, որը սերում է ոչ թե ապարդյուն վատնված ջանքերից, այլ արդարության կորստից: Մարդիկ չեն գժվում՝ մտածելով, որ ճիշտը թալանելն էր ու մի փոր հացի համար ամեն ինչ ծախելը, իսկ իրենք էշ-էշ արդար էին ապրում: Ո՛չ, մարդիկ գժվում են, երբ կորցնում են հավատը, որ արդարություն գոյություն ունի:
Այս կիրակի օրով ուզում եմ բոլոր այդ մարդկանց պատմել Գեթսեմանի այգու մասին: Ավետարանում ասված է, որ Քրիստոսն այս այգում է անցկացրել խաչվելուց առաջ իր ազատության վերջին խավարի ժամերը՝ Ավագ Հինգշաբթին: Այս գիշերը կոչվում է նաև Տագնապի գիշեր:
«Գեթսեմանի» արամերեն նշանակում է ձեթի մամլիչ: Այդ այգում մինչ օրս ձիթենիներ են տնկված, որոնց պտուղներից մինչ օրս ձիթենու յուղ են քամում: Ընդ որում, երկու հազար տարի առաջ հենց այդ այգին էր այն սահմանը, որտեղ ավարտվում էին Հուդեայի «իրավապահ» համակարգի լիազորությունները: Այգուց հետո սկսվում էր մի տարածք, որտեղ վարչակազմն իշխանություն չուներ: Այգուց անդին ոչ քրմապետ Կայափասը, ոչ էլ նահանգապետ Պիղատոսը չէին կարող Քրիստոսին ձերբակալել: Ղուկասի ավետարանում ասված է, որ Քրիստոս հաճախակի էր այցելում «մամլիչի այգին», բայց նա չօգտվեց փախուստի հնարավորությունից, այլ նախընտրեց մնալ մամլիչի տակ:
Մամլիչն այստեղ խորհրդանշում է անտանելի բեռը: Բեռ, որը կոտրում է ձիթապտուղը և քամում դրա միջի յուղը: Մամլիչի բեռը, սակայն, գործընթացի ավարտը չէ, այլ միջոց՝ ստանալու ձեթը՝ մեռոնը, այն նյութը, որով օծում են սուրբ հոգին:
Մարդկանց մեծ մասը խուսափում է Գեթսեմանի այգուց: Շատերն այնտեղ հայտնվելով՝ փախուստի են դիմում: Մնացողներից շատերին այդ բեռը կոտրում է և դառնում նրանց պատիժը: Բայց նույն բեռը եզակիներին օծում է փրկության՝ քամելով այն մեռոնը, որ կա նրանց մեջ: Եթե այն կա...
Որպեսզի այն ձեր մեջ լինի, կարող եք հետևել մեր եկեղեցու կանոններից մեկին, որը կոչվում է Հանգստյան ժամերգություն: Ամեն երեկո քնելուց առաջ մեկ ժամ տրամադրեք աղոթքին, մեդիտացիային կամ պարզապես մտորելուն (բայց ոչ՝ ինքնակերությանը): Հանգստացեք, տեսեք իրականությունը, ճանաչեք օրինաչափությունները, որոշեք ձեր անելիքները: Այդպես աճեցնում եք ձեր ձիթենու պտուղը, որ մամլիչի տակ չկոտրվեք, այլ օծվեք:
Ու հիշեք, որ էն ցավը, որ դուք հիմա զգում եք, աշխարհի պես հին է, էն տագնապն էլ, որ ունեք, եղել է միշտ...»:


