Մարդիկ Ստեփանավանում ազատվել են աշխատանքից քաղաքական հայացքների համար․․․ ԿԸՀ երկարամյա աշխատակիցն ազատվել է, քանի որ տաշիրցի է․․․ հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը՝ արձագանքելով Փաշինյանի առավոտյան տեսանյութին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երեկ կատարած իր գրառմանը՝ ասում է, որ այսօր այդ առնչությամբ 3 նամակ է ստացել։ «Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նման իրավիճակներում հայտնվել են, ես այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու քաղաքական հանձնառություն ունեմ, բայց եթե ես չգիտեմ այդ փաստի մասին, կամ քաղաքացիներն իրենք այդ փաստի վերաբերյալ խոսելու հրավերին չեն արձագանքում, ո՞րը պետք է լինի մեր գործողությունը։
Ես և մենք հանձնառու ենք երկրում ժողովրդավարությունը խորացնելու ուղղությամբ։ Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք թույլ չտալ, որպեսզի ժողովրդավարությունն օգտագործելով, Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն։ Ինձ համար պրոբլեմ է, երբ որ որևէ մեկը կարող է ասել, որ ՀՀ-ում վախի մթնոլորտ է հաստատված»,- նշում է վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ կոչ անելով ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, էլփոստով դիմեն իրեն։
***
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին, ասել է․ «Քաղաքացիներն իրենք իրենց իրավունքների համար պիտի պայքարեն և ուղիղ ասում եմ, որ կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են։ Բայց այդ պայքարն էլ պետք է լինի արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև ուղղակի բանավոր և մերկապարանոց հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող գործել։ Եթե այսքան խոսում են, ահազանգում են՝ ուրեմն ինչ որ բան կա, բայց ես ասում եմ՝ ես չեմ կարող գործել առանց հիմնավորման, տվեք հիմնավորում և ես խոստանում եմ, որ այդ հիմնավորումների հետևից կգնամ։
Ցանկացած դեպք, որը հիմնավորվեց, լինելու են հետևանքներ։ Եվ այս ուղերձը տալիս եմ նաև մեր բոլոր գործընկերներին, պաշտոնյաներին, հանրապետական, մարզային, համայնքային լիազորություններով օժտված պաշտոնյաներին, բոլորիդ հրահանգում և հրամայում եմ ժողովրդավարության, ազատության, օրինականության կանոններից մի միլիմետր չշեղվեք, որ դեպքում շեղում եղավ՝ լինելու ա շատ կոշտ, անհամաչափ արձագանք»։
***
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։
Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ-ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ։
Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։
Կեցցե՛ ժողովրդավարությունը»։


