|
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. ««Ուժեղ Հայաստան»-ը հասկացե՞լ է, թե ինչպես մեծ օգնություն ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին։
Վերջին 2-3 ամիսներին Սամվել Կարապետյանի ամբողջ քաղաքական թիմը զբաղված է Տիգրանաշենի թեման շահարկելով։ Այնքան խոսեցին Տիգրանաշենը հանձնելու վտանգի մասին ու այնքան վախեցրին ժողովրդին, որ Տիգրանաշենը դարձավ քաղաքական օրակարգի շատ կարևոր մաս։
Ես դեռևս 2019-ից զբաղվել եմ Տիգրանաշենի թեմայով, գիտեմ, թե քաղաքական կուլիսներում ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները դեռևս պատերազմից առաջ, բայց կան հարցեր, որոնց լուծելու համար ոչ թե պետք է վախեցնել ժողովրդին, այլ փաստի առաջ կանգնեցնել իշխանությանը։
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզչությունը բերեց նրան, որ մարդիկ ահավոր վախի մեջ ընկան, թե շուտով Նիկոլը կհանձնի նաև Տիգրանաշենը, և Հայաստանը երկու մասի կբաժանվի, այլևս Վայոց ձոր ու Սյունիք գնալ չենք կարող։ Նույնիսկ սեփական քարոզն արեցին, ծառ տնկեցին Տիգրանաշենում, նկարվեցին։
Իսկ ինչպե՞ս օգտվեց Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ի այդ քարոզչությունից։
Սպասեց, մինչև թեման շատ տաքանա, մինչև մարդիկ չափից շատ մտահոգվեն «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների ներարկած վախերով, ապա մի հարվածով երկու նապաստակ խփեց։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Տիգրանաշենը փոխանակում է Արծվաշենի հետ։ Սա մեծ ուրախություն է պարգևելու մարդկանց, քանի որ իրենք լսել էին կորստի մասին վախեցնող լուրեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է ոչ թե կորստի, այլ ձեռքբերման մասին։
Այդպիսի տեխնոլոգիա անում են հագուստի խանութները, երբ ապրանքի գինը կտրուկ բարձրացնում են՝ վախեցնելով գնորդներին, ապա կտրուկ զեղչեր են հայտարարում՝ բերելով ավելի շատ գնորդներ։
Հիմա կտրուկ գին բարձրացնողի դերում հայտնվեց «Ուժեղ Հայաստան»-ը՝ մարդկանց վախեցնելով Տիգրանաշենը հանձնելու լուրերով, իսկ Նիկոլ Փաշինյանը օգտվեց դրանից ու կտրուկ զեղչերի մասին խոսեց՝ «ավետելով տարածքներ փոխանակելու և Տիգրանաշենը պահելու մասին»:
Բայց այստեղ մի ուրիշ թակարդ էլ կա, որի մեջ շուտով Նիկոլ Փաշինյանը գցելու է ընդդիմադիր խմբակցություններին։
Տարածքներ փոխանակելու համար անհրաժեշտ է հանրաքվե։ Ու քանի որ մարդիկ ուրախությամբ կհամաձայնեն այդպիսի հանրաքվեի, հիմա արդեն որոշում կա այդ նույն հանրաքվեի շրջանակում քվեարկել նաև Ադրբեջանի գրած հայկական նոր սահմանադրության օգտին։
Լավ գիտակցելով, որ սահմանադրությունը փոխելու համար հանրաքվեն ձախողվելու է, Նիկոլ Փաշինյանը այսկերպ է փորձում հերթական խորամանկության դիմել՝ օգտվելով ընդդիմության տված հնարավորությունից»։
|