▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։ Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է ծառապատ տարածք։ Կանաչապատ տարածքը Սասուն Խաչատրյանը գնել է 2013 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը։ Այս մասին գրում է Հետքը:

Դավիթ Անհաղթի 2/2 հասցեում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, արդեն կանգուն է երկհարկանի հասարակական շինությունը։ 185 քմ հողամասի վրա կառուցապատումն սկսվել է 2025 թվականին։ Տարածքում փակցված ցուցանակը ազդարարում է, որ շինարարության նախաձեռնողը Սասուն Խաչատրյանն է, իսկ կառուցվող շինությունը հասարակական նշանակության է։ Կառուցապատվող հողատարածքի ճակատային մասն ուղղված է դեպի Դավիթ Անհաղթ փողոց։ Մյուս կողմերից այն շրջապատված է մեկ այլ շինությամբ և երկաթյա ավտոտնակներով։ Հողամասից ուղիղ գծով 700 մետր հեռավորության վրա է գտնվում Արաբկիրի դատախազությունը, 500 մետրի վրա՝ Արաբկիրի դատարանը, 800 մետրի վրա՝ Արաբկիրի քննչական բաժինը, իսկ 1600 մետր հեռավորության վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը։ Հողամասին մոտ են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների գլխավոր կառույցները։ Կարճ ասած՝ տեղանքը շատ հարմար է փաստաբանական որևէ գրասենյակի համար․ նշված կառույցներին հնարավոր է հասնել 5-7 րոպեում։

Դատախազը հողը գնել է աճուրդով՝ 1 քմ-ն 22 հազար դրամով

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ հողամասի առաջին ձեռքբերողը Սասուն Խաչատրյանն է․ այն գնել է 2013 թվականին՝ Երևան համայնքից։ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013 թ․ դեկտեմբերի 17-ի որոշմամբ հաստատվել են քաղաքապետարանի կազմակերպած՝ համայնքային հողերն աճուրդով վաճառելու գործընթացի արդյունքները։ Այն ժամանակ աճուրդին մասնակցել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը և Երևանի բնակիչ Գագիկ Հովսեփյանը։ 185 քմ հողամասն աճուրդի արդյունքներով վաճառվել է 4 միլիոն 69 հազար դրամով (հաղթող է ճանաչվել Սասուն Խաչատրյանը)։ Այսինքն՝ հողամասի 1 քմ-ն վաճառվել է 22 հազար դրամով։ Հողամասն օտարելու համայնքապետի որոշումների ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ համայնքային հողամասի օգտագործման նպատակը պետք է լիներ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելը, որն էլ 12 տարի անց կատարել է գնորդը (տեղում կառուցել է հասարակական շինություն)։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասն ունի բնակավայրերի/խառը կառուցապատման նպատակային նշանակություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: 

Հասարակություն ավելին