Թաղապետերը չեն սիրում, երբ շոշափում ես իրենց ոչ փառահեղ կենսագրության տխրահռչակ դրվագները
Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աջափնյակի Բոռնեո կղզու նահանգապետ, գեղաձորցի Սերոբ Սարգսյանն է։ Սերոբը շրջանից քաղաքում հաստատված և լիովին քաղաքային մշակույթում չինտեգրված օբյեկտ է, որի կյանքում ևս թավշյա հեղափոխությունը շատ բան փոխեց։ Բայց նա էլ է մնացել «գյուղացի պատանյակ-լավ տղա-չինովնիկ» եռաչափ բանաձևի մշտնջենական ինքնակայացման տիրույթում։ Սերոբին հոգեբանական խորհրդատվություն է անհրաժեշտ, նա պետք է գիտակցի, որ կառուցելն ավելի լավ է, քան քանդելը, և հանրային գերակա շահի տրամաբանության մեջ մտնում է ոչ թե քաղաքապետի կամ թաղապետի շահը, այլ նախապատվությունը տրվում է հանրությանը, որը և՛ բուտկչի է, և՛ բանվոր, և՛ արհեստավոր, և նաև խաղադրույքներ կատարող և անգամ օփել քշող։
Սերոբը ժամանակին շարքային բուքմեյքեր էր, որը անհոգ խաղադրույքներ էր ընդունում «Բեթկոնստրակտում» և սպասում իր հանապազօրյա Ջեքփոթին։ Իհարկե, մենք չենք անդրադառնում հանրային մեղադրյալի կենսագրության սևումութ էջերին, երբ նա Չարենցավանի հաստոցաշինական գործարանում որպես կոնստրուկտոր էր ճգնում, ապա առաջատար եֆրեյտոր նույն Աջափնյակի համայնքում։ Թաղապետերը չեն սիրում, երբ շոշափում ես իրենց ոչ փառահեղ կենսագրության տխրահռչակ դրվագները, որովհետև իրենք ի ծնե, ի բնե եղել են ղեկավար։
Հ.Գ. Երեկ Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձն էլ դառնալու է 1.2 միլիոն ՀՀ դրամ և ուրախությունից գիշերը փորձել է չաչաչա պարել տրակտորներով մարդկանց սեփականության իրավունքով տրված շինությունների վրա և նույն ապօրինությունը շարունակում են այսօր։
***
Կարդացեք նաև՝ Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չեզարե Լոմբրոզոն, Ադոլֆ Հիտլերն ու Աջափնյակի Սարգսյան Սերոբը:
19-րդ դարի երկրորդ կեսին Իտալիայում քրեագետները փորձում էին բացահայտել «բնածին հանցագործի տեսակը»: Դրա հիմնական գաղափարախոս Չեզարե Լոմբրոզոն պնդում էր, որ հանցագործության հակվածությունը կարող է բնածին լինել և արտահայտվել մարդու արտաքին տեսքով, օրինակ` ծնոտի, ճակատի, քթի և գանգի չափերով։
Որոշակի շեղումներով, Լոմբրոզոյի տեսության ջատագովն էր Ադոլֆ Հիտլերը: 1933 թվականին Գերմանիայում իշխանության եկած նացիստները փորձում էին մարդկանց դասակարգել ըստ գանգի չափերի և մարմնի այլ ֆիզիկական առանձնահատկությունների։ Ավելին` նացիստների կարծիքով, հանցավորությունը և վարքագիծը կարող են փոխանցվել ժառանգաբար: Վերջիններս այս պատկերացումներն օգտագործում էին հրեաների հետապնդումներն արդարացնելու համար։
Պարզվում է` Նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա:
Դիմելով քաղաքացիներից մեկին, Աջափնյակի թաղապետ Սարգսյան Սերոբն ասաց, որ վերջինս «քոչարյանականի դեմք ունի»: Ի տարբերություն Լոմբրոզոյի և Հիտլերի, վերջինս չմանրամասնեց «քոչարյանական դեմքի» առանձնահատկությունները, մասնավորապես` չորոշակիացրեց «գանգի, ծնոտի, ճակատի, քթի չափերը» և չմանրամասնեց մարմնի այլ ֆիզիկական առանձնահատկությունների յուրահատկությունը: Սակայն, մեծ հաշվով, դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ Նոր Հայաստանում մեկնարկեց ըստ ֆիզիկական առանձնահատկությունների մարդկանց դասակարգման գործընթացը: Աստված չանի, որ այդ գործընթացը թևակոխի նաև հետապնդումների փուլ, քանզի ո՞վ գիտի, միգուցե շուտով քաղաքացիներին փողոցում սկսեն ձերբակալել բացառապես «քոչարյանական դեմք» ունենալու համար»: