▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2019 թվականին բիզնեսին է վերադարձվել 150 մլրդ դրամի ԱԱՀ-ի պարտք. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ գործարար համայնքի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ՀՀ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը Ամանորյա հանդիպումը սկսեց իր բնորոշմամբ ընդդիմադիր հարցադրումով. ի՞նչ եղավ, կամ եղա՞վ արդյոք  այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսում էր ամբողջ անցնող տարվա ընթացքում:

Անցնող 11 ամիսների արդյունքներով ՀՀ-ում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Սա բացարձակ առավելությամբ թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում:  Ընդ որում տարածաշրջան ասելիս վարչապետը նկատի չուներ միայն Հարավային Կովկասը: ՀՀ-ում 2019-ին արձանագրված բարձր տնտեսական ցուցանիշն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաեւ թիվ մեկ ցուցանիշն է ԵՏՄ-ում ու ԱՊՀ-ում:

Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով մենք առաջինն էինք Եվրոպայում: Նիկոլ Փաշինյանն ասաց աշխարհի մակարդակով 2019 թվականին արձանագրված տնտեսական  աճի ցուցանիշներով վստահաբար եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինի Հայաստանը:

«Ես այս ամենն ասում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետեւ, սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունն այն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են մեր գործարարները: Ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտել Ձեզ մեր երկրի համար նման բարձր նշաձող սահմանելու համար: Նաեւ ուզում եմ հույս հայտնել, որ այս տարվա Ձեր  ունեցած հաջողությունները ձեզ 2020 թվականին  ավելի կոգեւորեն, եւ էլ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք» ,-գործարարներին ուղղված իր խոսքում ասաց վարչապետը:

Իսկ արդյո՞ք կառավարությունը որեւէ դերակատարում ունի ՀՀ-ում այս տարի արձանագրված բարձր ցուցանիշների ապահովման գործում: Վարչապետն ասաց՝ այո, բավական համեստ, բայց կարեւոր դերակատարում ունի կառավարությունը: «Առաջինը երկրում ապահովել օրինականությունը, 2-րդ՝ ապահովել հավասար հնարավորությունները, եւ 3-րդ ապահովել պետական մարմինների հավասար մոտեցումները բոլոր գործարարների նկատմամբ: Ես ցավոք, չեմ կարող 100 տոկոս պնդել, որ այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ մենք այդ ուղղությամբ որոշակի քայլեր արել ենք: Ուզում եմ, մեկ անգամ եւս արձանագրել ՀՀ քաղաքական կամքն այդ ճանապարհին. շարժվել առաջ վստահ, հստակ քայլերով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, վստահ է, որ երկրում չկա նույնիսկ  մեկ գործարար կամ ընկերություն, որը կարող է ասել, թե ՀՀ կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Իսկ եթե եղել է նման բան, ուրեմն ինքն ու կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չեն: «Եւ այն պահին, երբ որ կտեղեկանանք,  այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանա խիստ պատժի»,-հայտարարեց վարչապետը:

Երկրում տնտեսական հեղափոխության իրականացնողը գործարար համայնքն է, որին ՀՀ զարգացման գործում բոլոր առումներով կառավարությունն իր  թիվ մեկ դաշնակիցն է համարում: «Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ  ծավալի ճանապարհաշինական աշխատանքների իրականացմամբ: Ուզում եմ ասել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Հաջորդ տարի ավելի բարձր նշաձող ենք սահմանել, վստահ լինելով, որ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները բացառիկ տաղանդավոր են, եւ վստահությամբ 2020 թվականին նրանք ավելի մեծ արդյունք կգեներացնեն իրենց ընկերություններում՝ նույնքան մեծ արդյունք գեներացնելով  ՀՀ-ում: Այս տարի մենք պարծենում ենք, որ մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այսինքն այդ եկամուտները մենք կատարում ենք եւ գերակատարում ենք Ձեր վճարած հարկերի շնորհիվ»,-ասաց վարչապետը:

Այս տարի կառավարությունը բացառիկ, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ որոշում է կայացրել՝ զրոյացնել ԱԱՀ-ի դեբետի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր գործարարների առաջ: «Դրանք այն պարտքերն էին, որոնք ոչ Դուք, ոչ էլ որեւէ մեկն ընդհանրապես, հույս չուներ, որ երբեւէ կստանար: Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ հին պարտքերից վերադարձրել ենք, եւ ընդհանուր առմամաբ, մենք այս տարի բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամի ԱԱՀ-ի պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է ՀՀ պատմության մեջ»:

Գործարար համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետը խնդիրներից չխոսեց, բայց ասաց ուզում է, որ բոլորն իմանան. ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրը հենց կառավարության առաջարկած «Հարստացեք եւ հարստացրեք» կարգախոսի  պայմանների ապահովումն է, որով ՀՀ-ում այդ կարգախոսի իրականացումը կլինի իրականանալի:

«Ուզում եմ հույս հայտնել, որ 2020 թվականին հարկային օրենսգրքում  տեղ գտած փոփոխություններին ի պատասխան, գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետեւ մեր հաջորդ կարգախոսը հետեւյալն է. «Միայն աշխատանքով», քանզի միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք այսօր կան ՀՀ-ում, կան յուրաքանչյուր մարզում, համայնքում եւ յուրաքանչյուր ընտանիքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

2020 թվականը լինելու է օրինական աշխատանքի տարի, եւ ըստ ՀՀ վարչապետի, մենք  ապացուցելու ենք, որ հնարավոր է արդար քրիտինքվ վաստակել ոչ միայն հաց, բարեկեցություն, այլեւ արդար քրտինքով հնարավոր է ՀՀ-ում վաստակել նաեւ հարստություն: « ՀՀ-ի գործարարի կերպարի բնորոշ գծերը հենց սրանք են արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձեւավորված վաստակը՝ հենված մի կոնկրետ նպատակադրման վրա. հարստանալ եւ հարստացնել պետությունը, հայրենիքը, ժողովրդին, պետությանը»,-ելույթի խոսքն այսպես ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին