Ադրբեջանական քարոզչամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, և միայն պատասխան քայլերի են դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրում կատարվածը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկեն ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլև ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության համատեքստում:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն ս.թ. հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք… Իսկ այս ամենից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ռազմական «ագիտպրոպը» նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ…:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն