Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Երբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի և ազնիվ քաղաքական գործչի՝ կոռումպացված ղեկավարների իշխանության տակ մի քանի տասնամյակ գտնվելուց հետո:
Սակայն, ժամանակի ընթացքում, Էրդողանը և նրա իսլամիստական կուսակցության («Արդարություն եւ զարգացում») համախոհ առաջնորդներն հետզհետե դարձան կոռումպացված... Ագահությունը փոխարինեց նրանց բարեպաշտությանը, և դժվար էր դիմակայել մեծ փողերի գայթակղությանը: «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես» արտահայտությունը ճշգրիտ կերպով նկարագրում է Էրդողանի վերափոխումը կոռումպացված և բռնակալ ղեկավարի:
Էնդրյու Ֆիշմանը, theintercept.com կայքում տեղադրված ծավալուն հոդվածում, բացահայտում է Էրդողանի ընտանիքի կողմից 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալու արտասովոր հանգամանքները, գաղտնի օֆշորային համաձայնագրով... Այս սենսացիոն բացահայտումը ի հայտ է եկել Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումից մի քանի տարի անց, երբ նա որդուն խորհուրդ էր տվել, թե ինչպես թաքցնել խորհրդավոր ձևով իր ձեռք բերած հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Ըստ Ֆիշմանի՝ նավթատար նավը Էրդողանին նվիրել է ադրբեջանցի միլիանդատեր Մուբարիզ Մանսիմովը դեռևս 2008 թվականին, ինչպես բացահայտել է Եվրոպական հետաքննական համագործակցություն (EIC) ցանցը, որի կազմի մեջ մտնում են 49 լրագրողներ՝ 16 երկների 13 լրատվամիջոցներից: «Մանսիմովը երկու տարի առաջ դարձել էր Թուրքիայի քաղաքացի և ընդունել Մուբարիզ Ղուրբանօղլու թուրքական անունը, ենթադրաբար Էրդողանի առաջարկությամբ», տեղեկացնում է Ֆիշմանը: Զարմանալի չէ, որ «գործարքը կնքելուց հետո, նրա գործարար կապերը լայն թափ ստացան Թուրքիայում, այդ թվում՝ շահավետ պայմանագրեր կնքվեցին պետական ընկերությունների հետ»:
Մանսիմովը մտերմացել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և որպես Ստամբուլի «Թրամփ Թաուեր»-ների խոշոր ներդրող, նա հրավիրյալ հյուրերի թվում էր այս տարվա սկզբին կայացած նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: «Երբ 2009 թ. Ստամբուլում բացվեց «Թրամփ Թաուեր»-ների 39 հարկանի բնակելի և գրասենյակային համալիրը, Մանսիմովը դարձավ առաջին հաճախորդը՝ գնելով ութ բնակարան, այդ թվում՝ փենթհաուզը», ըստ theblacksea.eu կայքի:
Ֆիշմանի հոդվածը՝ հետաքրքիր և բարդ մանրամասներով Էրդողանին 13 հազար տոննա տարողությամբ նավ նվիրաբերելու մասին, հիմնված է Մալթայի փաստաթղթերի վրա, որոնց հետաքննությունն իրականացվել է EIC-ի գլխավորությամբ, օգտագործելով Մալթայում գործող իրավական, ֆինանսական և կորպորատիվ ծառայությունների մատակարարի 150 հազար գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, ինչպես նաև Մալթայի ընկերությունների պետական գրանցման ցուցակի մաքրազերծված տարբերակը: 2007 թ. Մանսիմովը Ռուսաստանում գնել է «Ագդաշ» նավթատար նավը և այն գրանցել որպես մալթական հոլդինգային ընկերություն՝ Pal Shipping Trader One անունով: 2008 թվականին Մեն կղզու նավահանգստում [Միացյալ Թագավորություն] գրանցված «Բումերզ» ընկերությունը, որը պատկանում է Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանին, եղբորը՝ Մուսթաֆային և փեսային՝ Զիյա Իլգենին, ձեռք է բերել 25 միլիոն դոլար արժողությամբ բոլոր բաժնետոմսերը: «Հաջորդ օրը, ընկերությունը 18.4 մլն դոլարի վարկ է վերցրել՝ ձևակերպված Մանսիմովի կողմից.... Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանսիմովը պարտավորվել է մարել ամբողջ յոթ տարվա վարկը, ավելացրած շահույթը՝ մինչև 2015-ի վարձակալության իրավունքի դիմաց (գնման արժեքի մնացած 7 մլն դոլարը վճարել է Էրդողանի անձնական մտերիմ ընկերը, անհայտ պատճառներով): Մանսիմովի ընկերությունը, որը վերահսկում է Սևծովյան նավթային առաքումների երկու երրորդը, երկարաձգել է լիզինգը մինչև 2020 թ., տարեկան 1.2 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, Մանսիմովի կողմից Էրդողանի ընտանիքին կատարված դրամական փոխանցումները կազմում են 21.2 մլն դոլար»:
Մեկ այլ աղբյուր՝ Sg.news.yahoo.com, Էրդողանի ընտանիքին նվիրաբերված նավթատար նավը գնահատել է 29.64 մլն դոլար: Այս կայքը նաև բացահայտել է, որ «Էրդողանի անձնական մտերիմ ընկերը», որը նավթատար նավի համար վճարել է 7 մլն դոլար, թուրք գործարար Սիթքի Այանն է:
Malta Today թերթը բացահայտել է, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, 2012 թ. ութ ընկերություն է հիմնել Մալթայում՝ խուսափելու համար միլիոնավոր դոլարների հարկ վճարելուց իր ընկերության՝ խոշոր էներգետիկ, տեքստիլ և շինարարական կոնցեռնի՝ Calik Holdings-ի համար, որը միլիարդավոր դոլարների մրցույթներ էր շահել: Նա չորս ընկերություններ էլ բացել էր Շվեդիայում:
Ալբայրաքը՝ Էրդողանի ավագ դուստր Էսրա Էրդողանի ամուսինը, 2011 թ. էլեկտրոնային նամակ է ստացել մի մտերիմ գործընկերոջից, որը նախազգուշացրել է, որ գաղտնի օֆշորային ընկերությունները «հիմնված են ֆինանսական մարմիններին խաբելու վրա. դա ապահով համակարգ չէ: Եթե ֆինանսական մարմինը դա բացահայտի, այն բացասաբար կանդրադառնա [Calik-ի] հեղինակության վրա», հայտնում է Malta Today-ը:
Ի վերջո, պարզվեց, որ Ալբայրաքը կարիք չուներ գաղտնի օֆշորային ցանցի, քանի որ 2015-ին նա Էրդողանի կողմից նշանակվեց որպես Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Նրան հաջողվեց անցկացնել «Հարստության խաղաղության գործողությունը»՝ հարկային համաներում, որը թույլ տվեց Calik Holdings-ին վերադարձնել անսահմանափակ քանակությամբ օֆշորային կանխիկ գումարներ՝ առանց հարկերի...
Malta Today-ը նաև հայտնում է, որ Էրդողանը իր փեսային պատրաստում է որպես իր հաջորդը: Զարմանալի չէ, որ Ալբայրաքն ուղեկցել էր նախագահ Էրդողանին վերջերս Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ժամանակ:
Մալթայում արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների գրանցման պատճառն այն է, որ այս երկիրը «Եվրամիությունում ունի ամենացածր արդյունավետ կորպորատիվ հարկի դրույքաչափը [5%] և դարձել է նախընտրելի վայր հարկերից խուսափելու համար ԵՄ-ում, մինչդեռ, Ֆրանսիայում, օրինակ, կորպորատիվ հարկի դրույքաչափը կազմում է 33,33 տոկոս», ըստ Ֆիշմանի:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի