▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների. Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ի պատասխան արված թվիթերյան գրառումները:

«Թվիթների շարքով արձագանքել եմ Ալիևի երեկվա որոշ հայտարարությունների ու ստերի՝

• Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական հողում որպես «Ադրբեջանի քաղաքացի».

• Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի.

• Ալիևը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք և տարեցներ) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով.

• Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտական գործողությունում չեն ներգրավվել.

• Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների (առնվազն Միշա Մելքումյան, Էդիկ Շահգելդյան, Արսեն Ղարախանյան).

• Հայատյացության մակարդակը Ալիևի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ.

• Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված և ագրեսիվ դրսևորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների և հենց նախագահի կողմից.

• Եթե Ալիևն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասի կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին. Նա, կարծես, ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել.

• Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում. դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին. ցանկացած միջամտություն անընդունելի է»,- գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին