Թարմացված․ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանին Նյուզ․am-ն է խնդրել մեկնաբանել Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկման մասին տեղեկություններն ու լուսանկարները, որոնք տարածվում տելեգրամյան ալիքներում։ Նշվում է, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- նշեց Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։ Բաց աղբյուրներով զրահատեխնիկայի մատակարարման մասին տեղեկատվությունը սկսել է շրջանառվել այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
«Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն: Նշենք, որ Երևանը ֆրանսիական զենքի տեղափոխման մասին տեղեկություն չի հայտնել: Հաջիզադեի խոսքով՝ նշված զինտեխնիկայի փոխանցումը կնպաստի տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»: «Միջազգային հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ Հայաստանին զինելուց»,- ասել է նա: |