▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կրկին օգտագործում է կրոնական գործոնը

«Մեզ մոտ աստիճանաբար սահմանափակվում են բոլոր տեսակի ազատությունները: Ակնհայտ է, որ այսօր ՀՀ-ում ոչ թե ժողովուրդն է կառավարում երկիրը, ինչպես ամրագրված է Սահմանադրության մեջ, այլ 50-100 ընտանիք, որոնց թիվն, իմ կարծիքով, առաջիկա տարիներին կկրճատվի: Եվ մինչ մենք, այսպես կոչված ընտրություններով էինք տարված, մեր հարևանները պետություն էին կերտում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով.

«Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի մասին, իսկ դա նշանակում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերից։ Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Չինաստանը ստորագրել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Այն վրացական արտադրանքի համար կբացի մի շուկա, որն ավելի քան 1․4 մլրդ սպառող ունի: Վրաստանն արդեն գինիների առանձին խանութներ ունի Չինաստանում, ջրի ու հանքային ջրի արտանհանումն էլ մեծ թիվ կկազմի: Վրաստանը միայն 200 միլիոն դոլարի պնդուկ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, հիմա Չինաստանն էլ դրա պահանջարկն ունի: Այս ընթացքում 2 կարևոր միջոցառում անցկացրեց նաև Ադրբեջանը:

Մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո միջմշակութային երկխոսության ֆորումն էր, որը ավելի շատ ներկայացված էր որպես իսլամի և քրիստոնեության միջև երկխոսություն: Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դառնալ սուբյեկտ: Ավելին, այդ երկրում շարունակում են ընթանալ իսլամական համերաշխության խաղերը: 54 երկիր է մասնակցում, մասնակիցների թիվն էլ՝ 3000-ից ավելի: Փաստորեն, Ալիևը կրկին օգտագործում է կրոնական գործոնը: Այս ամենից ելնելով՝ կարող ենք ասել, որ Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք, Ադրբեջանը դեպի իսլամական աշխարհ, Հայաստանն էլ՝ Ռուսաստան»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին