▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, նաև ասել է, որ ԼՂՀ կարգավիճակի հարցն ակտուալ չէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է: Այս մասին հաղորդում է «Interfax.az»-ը:

«Մեզ Նախիջեւանից բաժանող 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը կբացվի»,- ասել է Ալիևը AzTV պետական ​​հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ այս միջանցքի բացումը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է:

«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր ձեռնարկեց այդ հարցում: Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի: Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները »,- ասել է նա:

Ալիեւը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիները» Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են: «Ուստի մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ», - ասել է նա:

Ալիևը շեշտել է, որ «Արևելյան Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածք հանդիսացող Արևմտյան Զանգեզուրի» հետ կապելը, հետագայում Նախիջևանը Օրդուբադի միջոցով Թուրքիայի հետ կապելը, կլինի «մեր պատմական հաջողություններից մեկը»:

«Ես չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի: Ադրբեջանն անում է մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի այս ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ չառաջանան», - ասել է Ալիևը:

«Սպուտնիկ Ադրբեջանը» հաղորդում է, որ խոսելով Արցախի կարգավիճակի մասին, Ալիեւը այն «ոչ ակտուալ» է անվանել:

«Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել` եթե որևէ մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող նրանք իրենց երկրում լավ տեղ գտնեն նրանց համար», - ասել է Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ դա չի լինի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին