Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն Արցախ այցից հետ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում։
«Տեսնո՞ւմ եք՝ ամբողջ մարմնով դողում եմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակեց քաղաքագետը՝ շարունակելով.
«Ընկերներիս ձեռքը սեղմելու համար «սև ցուցակ» են գցում ու քրեական գործով վախեցնում: Ի՞նչ է, մարդ չի՞ կարող այցելել իր ընկերներին, շփվել քաղաքացիների հետ: Ես չեմ կարող համակերպվել այն բանի հետ, որ իմ առջև պայմաններ են դնում: Ի դեպ, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ին.լավ գովազդեցին Արցախի իմ այցը: Հա, նաև բոլոր տեղերում ազգանունս էին ճիշտ գրել, թե չէ նախկինում գրում էին Ավիդգոր կամ նման մի բան: Գրե՛ք սիրելիներս, գրե՛ք»:
Ավիգդոր Էսկինն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության մասին լուծումներ չի առաջարկելու, իրավունք չունի. «Արցախ այցելությունն ինձ համար ուսումնական էր: Ես եկել եմ սովորելու, ոչ թե ինչ-որ մեկին բան սովորեցնելու համար, թե չէ բոլորը հարցնում են, թե ի՞նչ եք կարծում, Ի՞նչ է հարկավոր անել Արցախում: Լուրջ որոշում ընդունելու համար նախ և առաջ այնտեղ ապրել է պետք, սովորել, զգալ: Մենք չենք սիրում, երբ գալիս ու Իսրայելում ասում են՝ այս կոնֆլիկտը պետք է այսպես կամ այնպես լուծեք: Ամենակարևորը խաղաղասիրությունն է, դիմացինին հասկանալը: Ես մաքուր սրտով եմ այցելել այս երկիր: Երբեք իմ շուրթերից ագրեսիայի կոչեր չեն հնչել: Ես կողմ եմ, որպեսզի երկու երկրների միջև խաղաղություն լինի, մարդիկ կարողանան այցելել իրենց նախնիների գերեզմաններին»:
Իսրայելցի քաղաքագետն անդրադարձավ նաև Հայաստան-Իսրայել, Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին.
«Մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին, բայց ավելի քիչ, քան Ռուսաստանը: Եվ, եթե Հայաստանն էլ ցանկանա զենք ձեռք բերել, ես կասեմ, թե դա ինչպես անել: Իսրայելի և Հայաստանի միջև շատ թույլ կապ կա»,-նկատեց նա:
Ավիգդոր Էսկինը ցավ հայտնեց նաև օրեցօր դատարկվող Հայաստանի մասին.
«Եթե ես ձեր փոխարեն լինեի՝ կմտածեի, թե ի՞նչ անեմ, որպեսզի արտերկրում ապրող հայերը ոչ թե տարին մեկ անգամ հիշեին, որ հայ են, այլ երեխաներին ուղարկեին այստեղ սովորելու, հետո իրենք գային ապրելու: Սա է ամենակարևորը: Իսրայելը ձեզ համար լավ օրինակ կարող է լինել, օգտվե՛ք նրա փորձից: 70 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գտնվող հրեաների կեսին մեզ հաջողվել է Իսրայել բերել»,-ասաց քաղաքագետը:
Անի Կարապետյան