▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը և ՌԴ-ն մոտեցել են լուրջ առճակատման, ինչը որոշակի հետևանքներ կունենա Հայաստանի համար

Ինչպես գիտեք, վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպման հեռանկարից: Պուտինի հետ հանդիպումը կայանալու էր Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Սա բավականին կոշտ, լուրջ, վճռական որոշում է և շատերի գնահատմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գրեթե մոտեցել են լուրջ առճակատման, նոր սառը պատերազմի ժամանակահատվածի:
Այս լարվածությունը բնականաբար որոշակի հետևանքներ կունենա Հայաստանի, Արցախի և նրանց շուրջ ընթացող խնդիրների վրա: Այն առաջնահերթ ազդեցություն կունենա հենց հարավկովկասյան տարածաշրջանի վրա, իր բազմաշերտ պրոբլեմներով` աշխարհաքաղաքական, պատմական, տնտեսական, ազգամիջյան, տարածքային, ինքնորոշման հակամարտությունների և խնդիրների առկայությամբ, հավելած Իրանն ու նրան հարակից տարածաշրջանը…Այս ամենին գումարվում է Ադրբեջանի օրեցօր աճող ռազմական հզորությունը, սերտ համագործակցությունը Թուրքիայի և ջերմացող հարաբերությունները Ռուսաստանի հետ, առաջիկա նախագահական ընտրությունները, հնարավոր քաղաքական զարգացումները, դրա հետ կապված հոխորտանքները պատերազմի, «գրավյալ» տարածքները վերադարձնելու մասին կոչերը…Եվ ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե վաղը, մեկ ամիս, մեկ տարի հետո ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, թե մեզ ուր կտանի Ռուսաստանի ակնհայտ խանդը Ասոցացման համաձայնագրի հետ կապված, թե այս անգամ նա ինչ կհրահրի, ինչ հետևանքներ կունենա մեզ համար այդ ամենը:
Ինչևէ, այս իրավիճակում Արցախի համար շահեկան է ամեն գնով գոնե առայժմ պահպանել ստատուս-քվոն: Եվ ի վերջո, իմ կարծիքով, քանի դեռ հայանպաստ լուծում հնարավոր չէ, որքան ուշ լուծվի Արցախի հարցը, պահպանվի ստեղծված կարգավիճակը, այնքան մենք կշահենք: Աստիճանաբար ամբողջ աշխարհը «հաշտվում է» այդ մտքի հետ, և որ ամենակարևորն է , Հայաստանում, Ղարաբաղում ծնված, մեծացած, այս վայրերից հեռացած ադրբեջանցիների թիվը տարեց տարի նվազում է, նվազում է ագրեսիվությունը, բնականաբար նվազում «պահանջատերերի» թիվը:
Մի քսան-երեսուն տարի հետո, ընդհանրապես նրանց սերունդները այն կարոտախտով և ագրեսիվությամբ չեն ձգտի Արցախի կամ Քարվաճառի հողերը վերադարձնել, ինչպես նրանց հայրերը կամ պապերը:
Ամեն դեպքում, ստեղծված իրողությունների շրջանակում այլ իրավիճակ առայժմ շահեկան չէ: Ավելի լավ է մի տաս-քսան տարի էլ պահպանել ստատուս-քվոն, քան տաս-քսան ժամ պատերազմել…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին