▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ «սև ցուցակ»-ի ընդլայնումից հետո բազմաթիվ հայ պաշտոնյաներ կարող են հայտնվել պատժամիջոցների տակ

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 8-ին արտոնել է ամերիկյան վարչակազմին այսուհետ «Մագնիտսկու» պատժամիջոց սահմանել ցանկացած երկրի, այդ թվում` հայաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կաշառակերության ու մարդու իրավունքները խախտելու համար։ Նախկինում ԱՄՆ «սև ցուցակում» էին  հայտնվում միայն Ռուսաստանի քաղաքացիները, առավելապես՝ պաշտոնյաները։

Թերթ.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ այս նախագծով ԱՄՆ-ի նախագահը հնարավորություն է ստանում Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների տված հիմքերը հաշվի առնելով, պատժամիջոցներ սահմանել  ոչ միայն ցանկացած երկրի պաշտոնյաների, այլ նաև հասարակ քաղաքացիների նկատմամբ՝կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար:

«Մեր թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարության անդամները կարող են այդ ցուցակում հանգիստ հայտնվել։ Նախորդ կառավարության անդամները համատարած ներգրավված էին փողերի լվացման, գումարները անարդյունավետ ծախսելու, կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է ներկա կառավարությանն, ապա կոռուպցիայի դեմ չպայքարելն էլ կարող է  հիմք դառնալ պատժամիջոցների կիրառման համար»,- մանրամասնել է քաղաքագետը։

Ընդ որում՝ «Մագնիտսկու» պատժամիջոցները ենթադրում են ոչ միայն մուտքի արգելք ԱՄՆ, այլ նաև արգելք օգտվել ԱՄՆ ֆինասական համակարգերից, բանկերից։

Դեռևս 2010թ-ից խոսակցություններ կան այն մասին, որ ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի կարողանում մեկնել ԱՄՆ. տարիներ շարունակ նա դիմել է ԱՄՆ դեսպանատուն` երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, բայց ապարդյուն։ Մերժումների շարքը հաջորդել է մեկը մյուսին։ Ավելին՝ տարիներ առաջ ԱՄՆ  մեկնելու համար գործարար պատգամավորը օգնություն է խնդրել նաև «Ժառանգություն» խմբակցությունից։

Անդրադառնալով սրան՝ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ Սամվել Ալեքսանյանը դիմել է իրենց, որպեսզի միջնորդեն  դեսպանատուն, «երաշխավորագիր» տան, բայց «Ժառանգությունը» չի տվել։

«Նա մեծ հույսեր ու ակնկալիքներ ուներ, բայց նրա ակնկալիքները, իհարկե, բեկվեցին»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Սամվել Ալեքսանյանի պարագայում պարզ չէր ինչու են մերժում ԱՄՆ մուտք գործել. «Ակնհայտ է, որ քաղաքական հարցեր կային»,- ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ այսօր արդեն, երբ ԱՄՆ «Մագնիտսկու» պատժամիջոց սահմանվի ցանկացած երկրի պաշտոնյանների և քաղաքացիների նկատմամբ, շատերը կարող են արժանանալ Սամվել Ալեքսանյանի ճակատագրին։

Աղբյուրը՝ «Թերթ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին