«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նշանադրվել է: Նրա ընտրյալը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրադյանն է:
«Մեր նշանադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Անի Զախարյանը և ավելացրեց, որ նշանադրության ճոխ արարողություն չի եղել, քանի որ զույգն այս դեպքում կարևորել է Աստծո օրհնությունը:
Անիի խոսքով` ինքն ու Արսենը ծանոթացել են մոտ 8 ամիս առաջ: Իրենց հարաբերությունները զարգացնում են փուլերով` նշանադրվեցին և հիմա արդեն կարելի է մտածել հարսանիքի մասին:
«Կարծում եմ, որ հարսանեկան արարողությունը ավելի շքեղ կլինի` հյուրերով, խնջույքով: Այս ամենի հետ մեկտեղ, առհասարակ, չեմ սիրում աղմկահարույց դարձնել իմ անձնական կյանքի հետ կապված որևէ լուրջ քայլ»,-եզրափակեց Անի Զախարյանը:
Հեղինակ՝ Անի Միրաքյան