«Ամեն երրորդ ընտանիք աղքատ է, ամեն 10-րդ ընտանիք սոված է քնում: Ծնելիությունը ցածր է, չամուսնացածների թվաքանակը` մեծ, ապահարզաներն ու աբորտները` շատ: Ամեն ինչ բարդելը մեկ պետական կառույցի վրա` կարճատեսություն է»,-այսօր խոսելով Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին` ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` հորդորելով մտածել այդ խնդիրների վերաբերյալ:
Իսկ լուծման տարբերակներից մեկը Մաքսային միությանը միանալն է. «ԵՄ-ին միանալ` խարխլելով ավանդույթները` զարկ տալով տեխնիկական առաջընթացին, թե՞ Մաքսային միությանը` պահպանելով ավանդույթները»,-հարց բարձրացրեց բանախոսը` հիշեցնելով, որ մեր ապրանքը Եվրոպայում չի վաճառվում, իսկ տեխնիկական առաջընթաց կարող է գրանցվել, եթե ամեն ինչ նորովի մատուցվի:
«Մեր նման մասշտաբներ ունեցող երկիրը չի կարող ինքնուրույն գոյատևել, ռեսուրս չունենք: Անկախությունը մի բան է, որը պետք է փոխանակենք կամ վաճառենք: Ռուսներին մեզ թանկ վաճառելու գինն այն է, որ Պուտինը շատ զիջումների գնաց. Ատոմակայանը կկառուցեն, Պարսկաստանի հետ երկաթգիծը, գյուղատնտեսությունը կզարգան»,-խոսելով Անկախության համար վճարվելիք գնի մասին` ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրենը:
Անի Կարապետյան