« ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։
Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է, պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները։
Միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։
Առո՛ղջ եղեք և մի՛ տարածեք ապատեղեկատվություն»: