Քիչ առաջ ՀՀ ողջ տարածքում սահմանվեց Արտակարգ դրություն, որը ենթադրում է որոշակի արգելքներ ու սահմանափակումներ քաղաքացիների համար։
Խնդրում եմ պահպանել այս կանոնները, հետևել ցուցումներին, մի՛ մոռացեք կանխարգելիչ միջոցառումների մասին, հետևեք հիգիենայի կանոններին։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում եւ ներկայացրել ինչ է արգելվում արտակարգ դրության օրերին․
«Արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
Արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները, բայց չսահմանափակվելով` ծննդյան, հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումները:
Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են՝ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը, պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։
Դադարեցվում է պետական, համայնքային, ոչ պետական, միջազգային կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ նրանց, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորություն:
Պարետի ցուցումով կարող է համապատասխան համայնքներում արգելվել հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:
Պարետի ցուցումով համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ`
համայնք մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ,
անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ`մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում, անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
Պետական սահմանի անցակետով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։
Արգելվում է ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և եթե սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել:
Առողջ եղեք։ Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»,-գրել է Աննա Հակոբյանը։