▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում 300 դրամով բենզին են վաճառում․ էժան բենզինի «ֆենոմենը» և մեծ աշխարհագրությունը

Օրերս հայտնի դարձավ, որ բենզինի գինը Հայաստանի Հանրապետությունում էժանացել է։ Այս էժանացման ֆոնին համացանցում ակտիվորեն քննարկվում է նաև, որ Արարատ քաղաքի բենզալցակայաններից մեկում վառելիքը անհամեմատելիորեն ավելի էժան գնով է վաճառվում։

Օրագիր․Նյուզ-ն է գրում՝ նշելով, որ Արարատ քաղաքի բնակիչներից մեկն իրենց պատմել է․ «Օրեր շարունակ անցնում էի Արարատի ճանապարհով ու երկար՝ երևի կիլոմետրանոց հերթեր էին, բայց դե պատճառն անհայտ էր։ Նույնիսկ մի պահ մտածեցինք, թե պատերազմ է, ու մարդիկ մեքենաները բենզին են լցնում։ Հետո՝ տեսանք, որ այդ բենզալցակայանի հերթերն են, իսկ ավելի ուշ՝ իմացա, որ 300 դրամով բենզին են վաճառում։ Ասում են՝ լավ էլ որակով, ընտիր բենզին է։ Նույնիսկ կողքի բնակավայրերից, երբեմն՝ նույնիսկ մայրաքաղաքից, վարորդները մեքենան բենզին լցնելու համար հենց այստեղ են գալիս»։

«Հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված տվյալ բենզալցակայանում վառելիքի այդչափ էժան լինելը, կապ հաստատեցինք Արարատի համայնքապետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանել իրավիճակը և առաջարկեցին հարցն ուղղել տվյալ բենզալցակայանի տնօրենին, սեփականատիրոջը, կամ պատասխանելու իրավասություն ունեցող անձին․

«Համայնքապետարանը ցանկացած նման դեպքի ժամանակ իր հետաքրքրությունը ցուցաբերում է, բայց կոնկրետ այս մասով լավ կլինի՝ իրենցից վերցնեք մեկնաբանությունը․ համայնքապետարանը այս մասով չունի մեկնաբանություն։ Բենզալցակայանը Արարատ գյուղում է, օրն էլ ոչ աշխատանքային է, մենք տվյալներ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատ համայնքի ղեկավարի օգնական Շուշանիկ Խանոյանը։

Հարցին՝ արդյոք համայնքապետարանը ահազանգեր կամ անհանգստության նամակներ չի՞ ստացել բնակիչներից, Խանոյանն ասաց․

«Ինքս ամբողջ մամուլի իրազեկման պատասխանատուն եմ, և զանգերին ես եմ պատասխանում, բայց որևէ անհանգստացող կամ հետաքրքրող մեկը չի ահազանգել մեզ այդ թեմայով»»,-գրում է սկզբնաղբյուրը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին