«Մենք պետք է ստանանք, ոչ թե տանք: Տարածքներ կան, որոնք դեռ մեր ձեռքում չեն»,-մեզ հետ զրույցում ասաց արցախցի 92-ամյա Իոսիֆ Ղազարյանը:
Նա դեմ չէ ՀՀ նախագահի՝ Ալիևի հետ հանդիպումներին ու բանակցություններին, բայց մեկ խորհուրդ ունի. «Բանակցությունների ժամանակ պետք է խստապահանջ լինել ու հասնել նպատակներին, եթե ոչ, ապա քեզ ոչ ոք չի հարգի: Դու պետք է պահանջատեր լինես»:
Խաղաղության մասին երազող ու այլևս որևէ զինվորի մահվան բոթը լսել չցանկացող պապը խորհուրդ ունի նաև ուղղված ադրբեջանցիներին.
«Մենք դեռ սպասում ենք, որ թշնամին կգա գիտակցության ու առանց արյան տարածքները կհանձնի: Իրենք պետք է անընդհատ իրենց նավթի մասին հիշեն ու, ևս մեկ բան իմանան՝ զավթողները միշտ տանուլ են տալիս, երբեք հաջողություն չեն ունենում, դա փաստ է»:
Հողային հարցերի լուծումից հետո արցախցի 92-ամյա ծերունին երկու թշնամի պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամանալը հնարավոր է համարում, բայց դա, նրա խոսքով, տարիներ կպահանջի.
«Ես ծնվել եմ 1924 թվականին: 92 տարեկան եմ՝ հիշի՛ր: Երիտասարդ տարիներս ադրբեջանցիների հետ եմ անցկացրել: Գնում-գալիս էինք, հարսանիքի ու խնջույքների էինք մասնակցում, անասուն էինք բերում-տանում: Անգամ, եթե ինչ-որ բան էր պակասում,ասում էին՝ ինչո՞վ օգնեմ, փող տամ, թե՞ անասուն»:
Մեր հարցին, թե եթե այդքան եղբայրաբար էին տրամադրված, ինչո՞ւ եղավ օրինակ Սումգայիթը(ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ), պապը պատասխանեց, թե դա կազմակերպված գործ էր: Ադրբեջանցի մի սրիկա մկան պես մտավ ու խառնեց ամեն ինչ:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Արցախցիները՝ տարածքների հանձման, Սերժ Սարգսյանի հրաժարականի ու «Սասնա ծռեր»-ի մասին
Թանկարժեք մեքենաներ են գնում, դրա համար էլ շինարարական աշխատանքները տարիներ են տևում