Դիարբեքիրցի հայերի` Գաֆուր Թյուրքայի, Կարոտ Սասունյանի եւ Արթին Դիյարբաքըրի հետ կանադայի հայկական «Հորիզոն» շաբաթաթերթի համար հարցազրույց է արել Մելինե Անումյանը։ Հիրավի, վերջին տարիներին նոր զարգացումներ են արձանագրվում Դիարբեքիրի հայերի կյանքում: Այնտեղի կարծես անհետացած հայերն սկսել են դուրս գալ ստվերների տակից: Եվ այս հարցում էական դեր է կատարել 2011 թվականին վերաբացված` Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին` հոյակերտ Սուրբ Կիրակոսը: Եվ թեեւ սույն եկեղեցում մինչ այժմ ոչ մի հոգեւորական չի նշակվել, սակայն այստեղի հայերը հաճախ են այցելում եկեղեցի, նշում Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները եւ հնարավորության դեպքում նաեւ մկրտության եւ պսակադրության արարողություններ կազմակերպում այստեղ: Ի տարբերություն Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու, որը վերաբացվել է որպես թանգարան, Սուրբ Կիրակոսը վերաօծվել է որպես գործող եկեղեցի, սակայն մինչ այժմ այն չունի եկեղեցական սպասավոր: Պոլսո հայոց պատրիարքարանն այդ փաստը բացատրում է Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների պակասով:
Վերջին տարիներին Դիարբեքիրի Սուրի շրջանի քաղաքապետարանի ջանքերով Սուրբ Կիրակոսում կազմակերպվեցին հայոց լեզվի դասեր, որոնց մասնակցեցին 7-65 տարեկան 30-ից ավելի հայեր: Ի դեպ, 2014 թվականի օգոստոսին հայերենի դասընթացի մասնակիցներից եւ այլ դիարբեքիրցի հայերից բաղկացած շուրջ 50 հոգանոց մի խումբ` Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Գաֆուր Թուրքայի եւ կանադահայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի առաջնորդությամբ, այցելեց Հայաստան` Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում:
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման շնորհիվ մեկ այլ կարեւոր զարգացում էլ է գրանցվել Դիարբեքիրի հայերի կյանքում: Խոսքը, թեկուզ եւ աննշմար, այնուամենայնիվ փոքրիկ մի համայնքի ձեւավորման մասին է: Նրանք կիրակի օրերին հաճախ են հավաքվում եկեղեցում ու նախաճաշեր կազմակերպում այստեղ: Վերջին նախաճաշին 110 մարդ է մասնակցել: «Ակօս» շաբաթաթերթում տպագրված մի հրապարակման համաձայն` «Զգում եմ, որ այստեղին եմ պատկանում», «Լավ է, որ եկեղեցին վերակառուցվեց, ինձ մոխրից վեր հառնածի պես եմ զգում», «Անձնագրումս մուսուլման է գրված, սակայն ազգային զգացումներս ամբողջությամբ հայի են»,- ասում են նրանք:
Այդ միջոցառումներին պարբերաբար մասնակցող` արմատներով սասունցի, ներկայում Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանը, նման մի նախաճաշի անդրադառնալով, մի առիթով գրում է. «Շուրջ 60 հոգի էր մասնակցում այս նախաճաշին: Այդ 60 հոգին ներկայացնում էր 600 հոգու: Ով ասես թե չկար այնտեղ` էլ սասունցի, էլ լիջեցի, հազրոցի, օմերլիցի, սիլվանցի, բեյրութցի, էրբիլցի… Ներկա էին նաեւ այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են դիարբեքիրցի Բեդրի Այսելին, լիջեցի ուդի վարպետ Երվանդը… Տարիների կարոտով` այդ միջոցառմանը մեկտեղվել էր թեկուզ եւ քիչ թվով, բայց շատ մարդկանց ներկայացնող հսկայական մի համայնք: Սակայն առկա էր մի թերություն. չկար այդ համայնքի նախաճաշն օրհնող եւ պատարագ մատուցող որեւէ տերհայր: Նախաճաշի աղոթքը կարդաց հայերենի դասեր մատուցող ուսուցիչը: Ինքս ինձ սկսել էի հետեւյալ հարցերն ուղղել. արդյոք քանի՞ տերհայր կար Ստամբուլում: Եվ քանի՞ հոգանոց համայնք կար այնտեղ: Մի՞թե ամեն կիրակի վաթսուն հոգանոց համայնք կարելի է գտնել այնտեղ, որը հավաքվել է մեկ եկեղեցում: Կամ էլ` քանի՞ տերհայր է հասնում ամեն հոգուն: Ես իրավացի փաստարկներ ունեի այդ հարցերը տալու համար: Մի ժամանակ բնակչության մեծամասնությունը կազմող հայերի ապրած այս քաղաքում 1915 թ. հետո այնքան քիչ հայ էր մնացել, որ գրեթե չեղածի հաշիվ էր: Մնացածներն էլ ծպտվել էին մահմեդական քրդի ինքնության տակ: Այդ ամենից հետո նման հոծ համայնքի մեկտեղվելը, իրոք, մեծ երանություն էր մեզ համար: Մեզ տրվել էր այս առիթը, եթե անգամ դրա տակ քաղաքական շահեր էին թաքնված: Մենք էլ, դրանից օգտվելով, պետք է այստեղի մեր համայնքի թվի ավելացման հույսով ջանքեր գործադրեինք, որպեսզի Սուրբ Կիրակոսի դուռն այլեւս չփակվեր` առկա գաղտնի հայ բնակչության պահպանման համար: Կարծում եմ` մենք ջանքեր պետք է գործադրենք եկեղեցին դատարկ եւ անտեր չթողնելու ուղղությամբ, որպեսզի այստեղ զգացնել տանք մեր գոյությունը…»:
Այս բոլոր թեմաների շուրջ զրուցեցինք երեք դիարբեքիրցի հայերի` Գաֆուր Թյուրքայի, Կարոտ Սասունյանի եւ Արթին Դիյարբաքըրի հետ: Հարցազրույցն իրականացրեցինք համացանցի միջոցով, թուրքերեն լեզվով:
Մելինե Անումյան- Ներկայացեք խնդրեմ: Ո՞վ եք: Որտե՞ղ եք ծնվել: Հիմա որտե՞ղ եք ապրում: Որտե՞ղ եք աշխատում: Ի՞նչ գործերով եք զբաղվում:
Գաֆուր Թյուրքայ (Օհաննես Օհանյան)- Անունս Գաֆուր Թյուրքայ է: Ծնվել եմ 1965 թ. Բաթմանի նահանգի Քոզլուք գավառի Դույգուլու գյուղում: Մինչեւ 5-6 տարեկան այդ գյուղում մնալուց հետո փոխադրվել եմ դարձյալ Քոզլուք գավառին ենթակա Բեքիրհան գյուղաքաղաքը, որտեղ եւ անցել են մանկությունս, պատանեկությունս եւ երիտասարդությունս: Ուսանել եմ այստեղի տարրական ու միջնակարգ դպրոցներում: Սովորել եմ նաեւ Բաթման նահանգի կենտրոնում գտնվող վարժարանում: Համալսարանական կրթությունս ստացել եմ Էսքիշեհիր քաղաքի Անադոլու համալսարանի Ձեռնարկատիրության ֆակուլտետում: 28 տարի է, ինչ ապրում եմ Դիարբեքիրում (Տիգրանակերտ): Ունեմ ապահովագրական ընկերություն եւ զբաղվում եմ ապահովագրության գործով: Նաեւ Ապահովագրողների միության նախագահն եմ, ինչպես նաեւ այդ մասնագիտության հետ առնչվող` Թուրքիայի ապահովագրողների դաշնության ղեկավար խորհրդի անդամ եմ: Աշխատել եմ տարբեր ժողովրդավարական կազմակերպություններում: Արդեն երկրորդ անգամ է, որ Ժողովրդավարական հասարակության համագումարի մշտական խորհրդի անդամ եմ ընտրվել: Ներկայում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավարն եմ:
Կարոտ Սասունյան- Իր ինքնությունը, ինքն իրեն որոնող մի «անցավոր» հայ եմ: Ամեն մի նորածնի նրա ընտանիքը որեւէ անուն է դնում` նրա ցանկությունից անկախ: Ինձ էլ պապիս մայրը, որն ապրեց մոտ 115 տարի, Բեհչեթ անունն է դրել, որը նշանակում է` երջանիկ, քանի որ ես հորս առաջնեկն էի: Սակայն իմ ինքնության հանդեպ զգացածս կարոտի պատճառով ես էլ ինձ Կարոտ անվանեցի: Ազգանունս էլ Սասունյան է, քանի որ սասունցի եմ: Ծնվել եմ Սասնա Փասուր գյուղում, որը ներկայում Դիարբեքիրին ենթակա Խուլփ գավառն է: Մեծացել եմ Փասուրում: Արդեն 25 տարի է, ինչ բնակվում եմ Տիգրանակերտում: Ունեմ երկու արու զավակ` Ատակը եւ Սասունը: Աշխատում եմ Տիգրանակերտի մի մասնավոր ընկերությունում: Հատկապես Էրգրում (Էրգիրը հայարեն է ասում, նկատի ունի Արեւմտյան Հայաստանը-Մ.Ա.) ուսումնասիրություններ եմ անում մեզ հետ, այսինքն` հայերի հետ կապված ամեն ինչի վերաբերյալ: Լուսանկարում եմ այն ամենը, ինչ մնացել է, հատկապես` անհետանալու վտանգի տակ գտնվող մեր մշակույթի մի մասը եղող եկեղեցիները…
Արթին Դիյարբաքըր- Ես երրորդ սերնդի հայ եմ: Հորական կողմից պապս ու տատս որբ էին մնացել, մորական կողմից տատս էր որբացել: Հորական կողմս Դիարբեքիրի Հըջիքա գյուղից է, իսկ մորական կողմս` Դիարբեքիրի Ջիրնիք գյուղից: Ներկայում ապրում եմ Դիարբեքիրի կենտրոնում եւ զբաղվում տպագրական գործով:
Մելինե Անումյան- Ե՞րբ եւ ինչպե՞ս իմացաք ձեր հայ լինելու մասին եւ ի՞նչ ապրումներ ունեցաք այդ պահին:
Գաֆուր Թյուրքայ- Հայ լինելուս մասին մանկուց եմ տեղյակ եղել, որովհետեւ ընտանիքս իր բոլոր անդամներին կորցրել է Հայոց ցեղասպանության ժամանակ. փրկվել է միայն 3 երեխա: Հորական պապս փրկվել է, երբ մոտավորապես 8-ից 10 տարեկան է եղել եւ շարունակել է ապրել որպես մահմեդական: Մեր տանն արդեն 3 սերունդ գիտակցվում է հայկական ինքնությունը, եւ մեզ ասվել է այդ մասին, երբ դեռ երեխա տարիքում ենք եղել: Թեեւ ապրել ենք մահմեդական միջավայրում, սակայն միշտ իմացել ենք մեր հայ լինելու մասին:
Կարոտ Սասունյան- Երեւի գենետիկական տրավմայից է, որ գիտակցական տարիքիցս սկսած` միշտ իմացել եմ իմ հայ լինելու մասին: Սակայն հայ լինելս հասկացել եմ հետեւիցս խոսք գցած տարեց քրդերից` դեռեւս 5-6 տարեկանում, երբ ծղոտե թղթից պատրաստված «Այբբենարանը» մեր ձեռքում պինդ բռնած` արաբերեն սովորելու էինք գնում մոլլաների մոտ: Նման պահերի նրանք ասում էին. «Ալթեի որդին, Կարպիսի թոռն իբր «Ղուրան» է սովորելու, իմամ է դառնալու, մենք էլ նրա հետեւում շարք կանգնելով` նամազ ենք անելու»: Նրանց այդ հայհոյանքներն ու վիրավորական խոսքերն ինձ հարկադրեցին, որ իմանամ ով լինելս: Պապիս հարցրի` «Ալթեն ո՞վ է, Կրպոն ո՞վ է»: Պատասխաններն իմանալուց հետո ձեռքիս մնացած գրքույկը պատռեցի եւ այլեւս երբեք ձեռքս չվերցրի: Մուսուլմանությանս վերջ էի տվել` այդ ուղղությամբ դեռ առաջին քայլերս չնետած: Եվ 5-6 տարեկանիցս սկսած` որոնում էի ինձ, այսինքն` հայությունս: Ինչ ապրումնե՞ր եմ ունեցել: Իհարկե երջանկություն եմ ապրել, որովհետեւ տարբերվում էի իմ շրջապատում եղած քուրդ մսագործների երեխաներից: Ոչ մի ընդհանուր կողմ չունեինք: Մենք ցանում ու հնձում էինք, նրանք` հրկիզում եւ կործանում, կոտորում: Հիմա էլ են այդպես անում:
Արթին Դիյարբաքըր- Մեզ ասվել է մեր հայ լինելու մասին դեռ մեր գիտակցական տարիքից: Մեր կողմերում բաֆիլե նշանակում է` հայկական ծագում ունեցող: Քանի որ կրթությունից հեռու էինք, առանձնապես չգիտեինք, թե ինչ էր դա նշանակում: Գիտեինք, թե քուրդ ենք: Ի դեպ, հայկական արմատներով գրեթե բոլորն իրենց քուրդ են համարում: Որպես երրորդ սերնդի հայեր` նրանք մասնակցել են քրդական շարժմանը եւ սկսել ըմբռնել իրենց ծագումը` աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ: Երբ հասկացա իմ ազգի նշանակությունը, սկսեցի ավելի լավ ընկալել, թե ինչպիսի խաղեր եւ ինտրիգներ են տարվում համայն աշխարհում եւ մեր տարածաշրջանում, հատկապես հայերի առնչությամբ:
Մելինե Անումյան- Ի՞նչ է ձեզ համար նշանակում հայ լինել եւ, հատկապես, հայ լինել Թուրքիայում:
Գաֆուր Թյուրքայ- Մի կողմից Թուրքիայում հայ լինելը խիստ բարդ է: Գիտեմ, որ համայն աշխարհի հայերը շատ դժվարություններ են կրել: Սակայն Թուրքիայում եթե տեղյակ են քո հայ լինելու մասին, նույնիսկ եթե մուսուլման ես, դա պատճառ է, որ կյանքդ դժվարություններով լեցուն լինի: Քեզ միշտ վատ կվերաբերվեն, միշտ` կստորացնեն: Եթե մանուկ ես, չես կարողանա մյուս երեխաների հետ կռվել: Ծեծ ուտողը միշտ դու կլինես: Քանզի հասարակության աչքին դու միշտ օտար ես: Գրեթե չես կարողանա քեզ պաշտպանել, երբ ունեցվածքդ յուրացնեն, հետդ անարդար վարվեն: Մի խոսքով, գլուխդ միշտ կախ կլինի: Այս երկրում ոչ մի բնագավառում տարեկիցներիդ հետ հավասար լինելու հնարավորություն չես ունենա:
Կարոտ Սասունյան- Ինձ համար հայ նշանակում է արեւ, հող, ջուր, կյանք (վերջին բառը հայերենով է ասում-Մ.Ա.)… Թուրքիայում հայ լինել նշանակում է ֆըլլե (քրդերը հայերին ֆըլլե են անվանում-Մ.Ա.) լինել, գյավուր (ըստ իսլամի` անհավատ-Մ.Ա.) լինել, ապօրինի ծնունդ լինել, հանցավոր լինել: Նշանակում է նաեւ ձգտել ապրել, եթե քո անունով ես ապրում: Հայ լինել Թուրքիայում նշանակում է` մինչ մահ ապրել քո մայր հայրենիքում: Նշանակում է` կամուրջ (կամուրջ բառը հայերենով է ասում-Մ.Ա.) լինել Անդովկի եւ Արարատի միջեւ…
Artsakhpress.am
Արցախը երազանք էր մեզ համար, դարձավ իրականություն.դիարբեքիրցի հայեր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet