▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք գործելու է Կրեմլի սցենարը

Հայաստանում խառնակ իրավիճակ ստեղծելու, մի շարք քաղաքական ու տարածքային հարցեր լուծելու կրեմլյան հավակնությունները վաղուց են հայտնի: Վաղուց կրեմլյան խոսնակները լծված են այն բանին, որ ամեն կերպ կամենում են հայ հանրությանը նախապատրաստել Հայաստանում տեղի ունենալիք նոր զարգացումներին, որոնք նմանեցվելու են ուկրաինական սցենարին: Միայն մի տարբերությամբ, որ խնդիր է դրված ոչ թե տրոհել առանց այն էլ մի բուռ Հայաստանը, այլ վերջնականապես Արցախը կտրել Հայաստանից՝ այն առաջիկայում դարձնելով Ռուսաստանի ֆորպոստ՝ հետագայում ամբողջապես Ադրբեջանի ենթակայությանն անցնելու պայմանով: Օրավուր այս մտադրությունները դառնում են իրական, քանզի Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին պարտադրել դառնալ ԵՏՄ անդամ, ինչի առթիվ տվել է որոշակի խոստումներ: Պատահական չէր, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարություններ հնչեցին այն մասին, որ Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին, եթե թեկուզ վերադարձվի երեք շրջան: Այս համատեքստում ուշագրավ են դառնում երկու հայտարարություն: Սերժ Սարգսյանը հաճախ է հայտարարում այն մասին, որ ,,Աղդամն իր հայրենիքը չէ,, , իսկ ահա Մյունխենում Իլհամ Ալիևն էլ, պատասխանելով հայ լրագրողի հարցին, ասել էր. ,,Ի՞նչ գործ ունի հայ զինվորը Աղդամում,,: Երկու նախագահի կողմից հատկապես Աղդամի հիշատակումը պատահական չէ: Տպավորություն է ստեղծվում, թե արդեն Աղդամի հարցը լուծված է, թե Բաքուն իրենն է համարում Աղդամը, իսկ Սերժ Սարգսյանն էլ այն օտարել է ազատագրված տարածքների շարքից:
Իսկ ինչպե՞ս հասնել այն բանին, որ Աղդամը դառնա Ադրբեջանինը, իրականություն դառնան ռուսաստանյան երազանքները, Թուրքիան էլ գոհ մնա այն բանից, որ Ցեղասպանության100-ամյակին նվիրված միջոցառումները տապալվեցին, հայերը չկարողացան լուծել իրենց առջև դրված կարևորագույն խնդիրները: Նման ծրագրի իրականացման համար էլ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բռնկվի քաղաքացիական պատերազմ և կամ պոռթկան հանրային անհնազանդության դրսևորումները: Նման գաղափարի կենսագործման համար լավագույն մեթոդը հանրային բևեռացումների իրականացումն է, հանրահավաքային արշավների սաստկացումը: Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի ԲՀԿ ռեսուրսների և Գագիկ Ծառուկյանի անձի հանդեպ ձևավորված հանրային վերաբերմունքի մասին: Լավ է հասկանում, որ իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հանրային շատ ուժեր կկանգնեն Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի կողքին և զարկ կտան դժգոհություններին, բողոքի ցույցերին: Իսկ նման ապակայուն վիճակն էլ կարող է չափազանց շահավետ լինել Կրեմլին ու նաև Սերժ Սարգսյանին, որը հենց Մոսկվայի ճնշմամբ Հայաստանում կհասնի սահմանադրական բարեփոխումների: Հենց Կրեմլի ծրագիրն իրականացնելու համար էլ Հայաստանում կսկսվեն ձերբակալություններ, բռնության ցուցադրություններ:
Այս տեսլականը որքան մռայլ, նույնքան էլ ողբերգական է: Որովհետև այս անգամ էլ ռուս-թուրքական դաշինքը կարող է հարված հասցնել Հայաստանին՝ հենց հայաստանյան իշխանությունների ձեռքով...


Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին