▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Աբովյանը ՌԴ-ի պահվածքը կրավորական համարող Բաբաջանյանին հիշեցնում է՝ Սյունիքում ՌԴ զորքն է, ոչ թե Ֆրանսիայի

Քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընթանում են միջպետական որոշակի գործընթացներ, ապա ես համարում եմ, որ նպատակահարմար չի սեւեռվել այդ գործընթացների վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե ինչու ԲՀԿ-ի կողմից ներկայացված ԱԺ հայտարարության նախագծում ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանն է, որ չի արձագանքել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին:

Արման Աբովյանը հիշեցրեց, որ թե Սյունիքում, թե այն վայրերում, որտեղ գնում է էսկալացիա, կանգնած են ոչ թե ֆրանսիական կամա մերիկյան զորքեր, այլ կանգնած են մեր ռազմավարական, եղբայրական պետության զինվորները, որոնք մեզ հետ հավասար վարում են աշխատանքներ, պայքարում են առկա խնդիրները լուծելու համար:

«Ռուսաստանը հաստատ չի լռում, եւ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարծում եմ՝ տեղյակ եք, որ բավականին ինտենսիվ  գործընթացներ են ընթանում միջպետական մակարդակով: Բացի դրանից, հիշեցնեմ, որ Սյունիքում տեղակայված են մեր ռազմավարական գործընկերոջ զորքերը եւ հավատացնում եմ ձեզ՝ դա այսօր ամենակարեւոր զսպող հանգամանքն է, որը զսպում է ագրեսորին: Ես համոզված եմ, որ մեր ռուս գործընկերները արել ու կանեն ամեն ինչ, ինչը բխում է ՀՀ եւ հայ ժողովրդի շահերից».-ասաց Աբովյանը:

Արման Բաբաջանյանը նկատեց, որ այո, ռուսները Սյունիքում են եւ ադրբեջանցիներին հաջողվել է 3,5 մետր խորանալ Հայաստանի տարածքում. «Էլ ինչ պետք է լինի, որ մենք որոշակի վերաբերմունք հայտնենք այս անպատասխանտվության վերաբերյալ: Կա համոզում, որ առանց ՌԴ թողտվության, Ադրբեջանը չէր կարող դիմել այսպիսի արկածախնդրության: Պետք է գոնե մեկ անգամ անկեղծ լինենք՝ Ռուսաստանն այս ամենի մեջ մասնակցություն ունի, թե ոչ»:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն ի պատասխան ասաց. «Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանից դուրս, հակահայկական շրջանակների փաստարկները բերվում են որպես հակառուսական բան: Դուք ասում եք՝ ռուսները կանգնած էին 3,5 կմ եկան: Ես էլ ասում եմ՝ եթե ռուսները կանգնած չլինեին, ինչքա՞ն կգային: Այսօր հակառուսական տրամադրություններ գեներացնելը վտանգում է Հայաստանը: Այսօր ՌԴ-ի հանդեպ յուրաքանչյուր նման արտահայտությունները բացառապես աշխատում են թուրքերի ու ադրբեջանցիների օգտին: Մենք ունենք  անվտանգության համակարգ, որը կառուցված է մեր ռազմավարական գործընկերոջ հետ համատեղ գործողությունների շրջանակում»:

ԱԺ արտահերթ նիստը`Սյունիքի հարցով` դիտեք այս հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին