▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորզոնականում է 15 տարեկանների շրջանում:
ԱՀԿ-ի` մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության (COSI) 6-րդ փուլի արդյունքների վերաբերյալ ԱՀԿ-ի նոր տեղեկագրում ներկայացված 2022-2024 թվականների արդյունքները վկայում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 7-9 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածության միտումների մասին: Տեղեկագիրը, որը COVID-19-ից հետո առաջին անգամ պատկերացում է տալիս երեխաների ավելորդ քաշի և ճարպակալման վիճակի մասին, ընդգծում է երեխաներին` այս աճող խնդրից պաշտպանելու համար ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելով բոլորի համար ավելի առողջ և լիարժեք ապագայի համար:
Այսօր ավելորդ քաշը և ճարպակալումը հաշմանդամության և մահացության առաջատար պատճառներից են, քանի որ դրանք կապված են բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների հետ՝ սկսած սրտանոթային համակարգի հիվանդություններից և շաքարային դիաբետից մինչև քաղցկեղի մի քանի տեսակներ: Վերջին գնահատականներով՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի դրանցից մահանում է ավելի քան 1.2 միլիոն մարդ։ Հետազոտության տվյալները հավաքվել են 37 երկրներից և ընդգրկել շուրջ 470.000 երեխա: Ըստ զեկույցի` 7-9 տարեկան երեխաների 25%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 11%-ի մոտ առկա է ճապակալում: Տղաները երկու ցուցանիշներով էլ գերազանցում են աղջիկներին. նրանց 27%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 13%-ի մոտ արդեն ճարպակալում է գրանցվել, իսկ աղջիկների մոտ նույն ցուցանիշները կազմում են համապատասխանաբար՝ 23% և 9%: Այս բացահայտումները ցույց են տալիս, որ ավելորդ քաշը և ճարպակալումը շարունակում են մնալ հանրային առողջության կարևորագույն խնդիրներ տարածաշրջանում:
Ավելորդ քաշի մակարդակը տատանվում է 9%-ից մինչև 42%, իսկ ճարպակալումը տատանվում է 3%-ից մինչև 20% մասնակից տարբեր երկրներում: Երկրների ավելի քան կեսում յուրաքանչյուր 10 երեխայից առնվազն 1-ը գիրություն ունի: Մի շարք երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան, կամ նույնիսկ ավելին, ունի ավելորդ քաշ:Տվյալների հավաքագրման վերջին փուլը կարևոր տեղեկություններ է տալիս COVID-19 համավարակից հետո երեխաների ավելորդ քաշի և գիրության վիճակի մասին: Չորս երկրներում՝ Ֆինլանդիայում, Մալթայում, Սլովենիայում և Շվեդիայում, գրանցվել է ճարպակալման տարածվածության վիճակագրորեն զգալի աճ, մինչդեռ Սան Մարինոյում նվազում է գրանցվել:
Հայաստանը, ցավոք, հետ չի մնում Եվրոպայի մի շարք երկրներից և մեր մոտ նույնպես առկա է մանկական և դեռահասության տարիքում երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման միտումը:
Վերջերս ՀՀ-ում իրականացրած դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը, որն իրականացվում է 51 երկրներում, շատ մտահոգիչ արդյունքներ է գրանցել:
ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորզոնականում է 15 տարեկանների շրջանում: Ըստ տվյալների 15 տարեկան տղաների 56%-ը, աղջիկների 64%-ը ամեն օր, օրը մի քանի անգամ քաղցարավենիք են օգտագործում, ինչ վերաբերում է քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործմանը, ապա այստեղ տղաներն են առաջատարը` 32% ցուցանիշով, իսկ աղջիկների 22%-ն է գազավորված ըմպելիք օգտագործում: Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է քաղցարավենիքները և գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ ավելացված շաքար են պարունակում, որն էլ կարող է նպաստել ավելորդ քաշի ձեռքբերմանը և ի վերջո հանգեցնել ճարպակալման:
Հինգ տարի առաջ նույն հետազոտությունը ՀՀ-ում իրականացվել է 7-8 տարիքային երեխաների խմբում, որի արդյունքների համաձայն այդ տարիքային խմբի երեխաների մոտ` տղաների 30%-ի և աղջիկների 25%-ի մոտ առկա է եղել ավելորդ քաշ և ճարպակալում:
Հարկ է նշել, որ ավելորդ քաշը և ճարպակալումը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, ինչպիսիք են սրտանոթային համակարգի խնդիրները, շաքարային դիաբետը, ինչպես նաև անհանգստացնող է այն փաստը, որ ավելորդ քաշը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել, հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում տարածված բուլինգի արդյունքում, որը մեր օրերում արդի խնդիրներից մեկն է:
Մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության 6-րդ փուլի մոնիտորինգի արդյունքները տալիս են կարևոր փաստացի տվյալներ՝ հիմնավորելու երեխաների ավելորդ քաշի և ճարպակալման նվազեցմանն ուղղված հանրային առողջապահական քաղաքականությունը: Առանցքային բացահայտումները ներառում են խնդիրների լուծման հետևյալ տարբերակները:
• Հատուկ միջամտությունների անհրաժեշտություն: Երկրների միջև զգալի տարբերությունները կարևորում են տեղական ռազմավարությունների կարևորությունը` առանձին բնակչության առջև ծառացած հատուկ խնդիրների լուծման համար:
• Կենտրոնացում կանխարգելման վրա: Քաղաքականության մշակման պատասխանատուները պետք է կենտրոնանան պայմաններ ստեղծելու վրա, որոնք նպաստում են առողջ սննդակարգին և բավարար ֆիզիկական ակտիվությանը, ինչպես փոքր, այնպես էլ դպրոցական տարիքի երեխաների համար:
• Մոնիտորինգ և գնահատում: Շարունակական վերահսկողությունը նման նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է առաջընթացին հետևելու, նոր միտումներ հայտնաբերելու և ապացույցների վրա հիմնված քաղաքական որոշումներ կայացնելու համար:
Երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը պարզապես առողջության հետ կապված խնդիրներ չեն, դրանք ներկայացնում են ավելի լայն սոցիալական խնդիր, որն ազդում է ուսման որակի, տնտեսական արդյունավետության և ընդհանուր բարեկեցության վրա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին