▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Ինչպես հիշում եք, այս հանձնաժողովում աշխատելու հայտ էր ներկայացրել նաև Արփինե Հովհաննիսյանը: Բոլորովին նպատակ չունեմ «շողոքորթելու» Արփինեին, կարիք չկա թվարկելու նրա մասնագիտական հսկայական կարողությունների ապացույցները:

Եվ ահա, Արփինեին Արդարադատության նախարարությունը չի ընդգրկել հանձնաժողովի կազմում:

Մինչ այսօր այդպես էլ պարզ չէ, թե մրցույթ կոչվածը ինչ սկզբունքներով է իրականացվել: Չեմ ցանկանում քննարկել հանձաժողով անցածների արժանիքները, սակայն հարցը մնում է բաց. անցածներից իրականում քանի՞սն են մասնագիտական առումով ավելի ուժեղ, քան Արփինեն:

Ակնհայտ է, որ Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է: Իշխանությունները վախենում են լսել մասնագիտական այլընտրանքային կարծիք: Պատրաստ չեն իրական բովանդակային աշխատանքի: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե ներառական չէ: Նրանց պետք են բացառապես «լոյալները»:

 

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ:

Այս «մրցույթն» իրականում ապացուցեց, որ այս իշխանությունները չեն ուզում, որ իրենց օգնեն, նրանք «համագործակցելի» չեն: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե որդնած է»:

Հիշեցնենք, որ հայտնի են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը. հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին