▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերջին օրերին նկատվում է սուր աղիքային վարակիչ հիվանդությունների մեծ աճ: Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժում են ստանում հիվանդներ Արցախի տարբեր շրջաններից: Հիվանդության պատճառները պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ են մեկնել մի խումբ վարակաբաններ՝ ՀՀ  առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավորությամբ: Առողջապահության նախարարության և պետական հակահամաճարակային կենտրոնի մասնագետների կողմից կատարվում են տարբեր կանխարգելիչ միջոցառումներ, փորձեր են արվում բացահայտելու հիվանդությունների պատճառները:

Asekose.am-ը կապ հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինֆեկցիոն հիվանդանոցի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է տիրում այժմ Արցախում և արդյո՞ք այն գնալով բարելավվում է: Հիվանդանոցի տնօրեն Ստելլա Միքայելյանը մեզ հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցն արդեն օրեր շարունակ աշխատում է արտակարգ ռեժիմով: Նրա խոսքով՝ իրավիճակը գնալով կայունանում է, իսկ հիվանդների թիվը նախորդ օրերի համեմատ գնալով նվազում է:  Նրա հավաստմամբ՝ այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում բուժօգնություն են ստանում 0-18 տարեկան 31 երեխաներ և երիտասարդներ, 24 մեծահասակներ , այսինքն՝ 29.08.22015թ. դրությամբ  հիվանդների թիվը 55 է:

«Սկզբնական շրջանում հիվանդությունը նկատվում էր և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ, սակայն վերջին օրերին բողոքներով ավելի շատ դիմում են մեծահասակները»,- իր խոսքում նշեց տիկին Միքայելյանը:

Բժշկուհին փաստեց, որ բոլոր հիվանդներն էլ դիմում են նույն ախտանիշներով՝ բարձր ջերմություն, թուլություն, շատերի մոտ նկատվում են փսխում և արյունային լուծ: Հիվանդանոցի տնօրեն Ստելլա Միքայելյանից փորձեցինք նաև ճշտել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տարածված սուր աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառով  որոշ ժամանակով հետաձգվելու են նախադպրոցական և դպրոցական  դասընթացները.

«Տեղեկությունները դեռ պաշտոնական չեն, այդ հարցը գտնվում է դեռևս քննարկման փուլում, և մոտակա օրերին արդեն պարզ կլինի, թե ինչ լուծում կստանա խնդիրը»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ստելլա Միքայելյանը:

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին