Առյուծը կենդանական աշխարհի արքան է, և անհիշելի ժամանակներից իր արժանի տեղն է ունեցել պետական խորհրդանիշերում: Ժամանակակից հայ քաղաքական կյանքում, սակայն, հզորության և փառքի այս խորհրդանիշը որոշ կուսակցությունների կողմից օգտագործվում է մարտունակությունն ամրապնդելու և ուժերի հանդեպ վստահությունը ցուցադրելու նպատակով:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, թվում էր թե օրինապաշտության և արդարության այլ սիմվոլների պիտի երկրպագեր, սակայն արքայամոլությունը ոչ մի վերմակի տակ չի հաջողվում թաքցնել: Եվ ահա կուսակից Հովհաննես Մարգարյանը Հեղինե Բիշարյանին կնքել է որպես ՕԵԿ-ի «էգ առյուծ»: Իսկ առյուծը, անկախ սեռական պատկանելիությունից, մանր հարցերով զբաղվելու սովորություն չունի, նրան, որպես կանոն, հետաքրքրում են իր և իր մերձավոր շրջապատի արքայական շահերը: Պատահական չէ, որ ԱԺ-ում նախկին նախագահների համար հատուկ, բարձր թոշակներ, ցմահ գրասենյակներ և այլ արտոնություններ սահմանող օրինագծի քննարկման ժամանակ պոպուլիզմի անխոնջ մարտիկը չհիշեց շարքային անապահով թոշակառուներին, որոնց կենսաթոշակների համեմատ ապահովության բարձր վիճակ ունեցող նախկին նախագահների համար սահմանվում էին գերբարձր թոշակներ, և անմիջապես արձագանքեց. իսկ ինչո՞ւ հատուկ թոշակ և արտոնություններ չսահմանել հանրապետության նախկին երկրորդ և երրորդ դեմքերի համար:
Համոզված եմ, որ Հեղինե Բիշարյանի մտահոգությունը մեկուկես տասնամյակի հասնող նախկին պաշտոնյաները չեն. «էգ առյուծի» սուր աչքը և հոտառությունը չաղլիկ որս էր նկատել իր կուսակից «արու առյուծի»՝ Արթուր Բաղդասարյանի համար՝ 900,000 դրամ թոշակ և ցմահ գրասենյակ ԱԺ նախագահ աշխատելու դիմաց: Թե ինչ կարժենա դա առանց այն էլ սուղ պետբյուջեի և շարքային հարկատուների համար, հոգ չէ, փոխարենը՝ ՕԵԿ-ի առյուծները կուշտ լինեն: Իսկ որոշ միամիտների թվում է, թե սրանք օրինաց երկիր են ուզում կառուցել բոլորի համար: