«Ամբողջովին համաձայն եմ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն տարածած հայտարարության և այդ հրամայականի հետ: Երկրի տնտեսության առաջանահերությունների վերանայման խիստ անհրաժեշտություն կա: Հանքաարդյունաբերական Հայաստանի կողմնակից եմ, մենք մեր ներքին ռեսուրսներին պետք է ուշադրություն դարձնենք, այդ թվում՝ ընդերքի ռեսուրսին, որոնք զգալի տնտեսական ներուժ և պոտենցիալ ունեն»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ Լեռնային գործ և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր, Հանքարդյունաբերողների և մետալուրգների միության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա հրամայականն է հանքարդյունաբերություն զարգացնելը՝ իհարկե պահելով բնապահպանական բոլոր նորմերը և պահանջները.
«Հայաստանը Խորհրդային տարիներին գունավոր մետաղագործության մեջ 3-րդ էր՝ Ղազախստանից հետո: Այս օրերին էլ, երբ տնտեսական ճգնաժամ է հասունանում, այս ուղղությունը զարգացնելն ավելի քան իրատեսական է: Այսօր ընդամենը մետաղական հանքավայրերից 7-8 են շահագործվում, մնացածը՝ դեռևս չեն շահագործվում՝ գտնվելով տարբեր իրավական կարգավիճակներում, այն դեպքում, որ պետք է շահագործվեին մոտ 42-ը, որտեղ կա ոսկի, պղինձ, արծաթ. կապար. վերջինը ռազմարդյունաբերության կարևոր մետաղ է: Մենք պետք է մեր հայացքներն ուղղենք մեր ներքին ռեսուրսներին, այդ թվում՝ ընդերքի ռեսուրսին»:
Ըստ Հովհաննիսյանի՝ պարզապես հաճախ մասնագիտական քննարկումները և կարծիքներն անտեսվում են, և աղմուկ բարձրացնողները ոչ մասնագետներն են լինում.
«Հանքարդյունաբերության վերաբերյալ շատ թյուր կարծիք է ձևավորվել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց կարծում եմ, որ մետաղների, հատկապես՝ ոսկու հանդեպ պետք է այլ մոտեցում ցուցաբերենք, որովհետև նրա գինը տարեցտարի, ամիս առ ամիս բարձրանում է: Ստացվում է՝ մենք այս ամենն ունենք ընդերքում, բայց փոխարենը Ամուլսար չենք շահագործում, հետևությունները թողնում եմ Ձեզ… Պետք է նոր առաջնահերթություններ սահմանվեն, որտեղ իր մեծ տեղը պետք է ունենա ընդերքօգտագործումը, մեր պապերից, Աստծուց տրված ռեսուրսներն են, պետք է կարողանանք խելամիտ լինել, որ դրանք ճիշտ օգտագործենք»:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.
Ճգնաժամը վերահաստատեց, որ երկրի համար դժվար պահին հանքարդյունաբերությունը փրկօղակ է, որն ապահովում է բյուջետային մուտքերի կայունությունը և հնարավորինս մեղմում տնտեսության կտրուկ անկումը։ Ակնհայտ է, որ առանց հանքարդյունաբերության բերած արտարժութային ներհոսքերի, բազմապատիկ ծանր է լինելու ֆինանսական հատվածի և գների կայունության խնդիրը։
Կարդացեք նաև՝ Սթափ որոշումների հրամայականը


