Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը:
Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
«Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար»,- ասացին ՀՔԾ-ից:
Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: