Օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում քննարկվում են « X Factor» նախագծի երկու մասնակիցների ելույթները և ժյուրիի կողմից ծաղրի ենթարկվելու երևույթը: Իրանից եկած 17-ամյա Շաքե Սովսեսյանը վիրավորվել էր Ավետ Բարսեղյանի այն գնահատականից, թե աղջկա երգեցողությունն իրեն ձանձրացրեց: Շաքեն նույնիսկ որոշեց լքել բեմը, սակայն նրան հետ կանչեցին ու շարունակեցին հայտնել վճիռները: Ի վերջո, աղջիկը ներողություն խնդրեց ժյուրիի անղամ Ավետից...
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է Ավետ Բարսեղյանի հետ. զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Տեսե՞լ եք` ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կասեք` ի պաշտպանություն Ձեզ:
-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտպանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում:
-Ամեն դեպքում, երևույթը կա, Դուք նեղացրել եք 17-ամյա աղջկան:
-Նեղացրե՞լ եմ, գուցե իրենի՞ց ինտերվյու վերցնեք: Էդ էրեխեն ներողություն է խնդրել ինձանից, ես իր հետ խոսել եմ նաև եթերից հետո:
-Ի՞նչ եք կարծում, արժե՞ր ասել, որ ձանձրացաք իր երգելուց:
-Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն: Երեխա է, նեղացել է ձանձրալի բառից, է հետո՞: Ձանձրանալ բառը վիրավորա՞նք է, հայհոյա՞նք, ինչպե՞ս է ընկալվում ֆեյսբուքյան հասարակության կողմից:
-Ոչ միայն ֆեյսբուքյան: Շատերին զայրացրել է Ձեր քմծիծաղն ու այն, որ Դուք կարծես ձեռք եք առնում մասնակիցներին:
-Ես իրավունք ունեմ որպես ժյուրիի անդամ, դադարեցնել ու ասել կարծիքս, դա տարիներ շարունակ այդպես է եղել: Բացարձակ վիրավորելու ոչ մի միտում չի եղել: Ես մշակութային տարր եմ, որը չի կարող 2 միլիոն քանի հարյուր հազարին հաճո բաներ անել: Ես աշխատում եմ իմ գործունեության տարբեր ոլորտներում: «X Factor»-ում էլ ժյուրի եմ:
-Դուք իսկապե՞ս չեք տեսել թե ինչ մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում:
-Ես ի սկզբանե ասացի` ինձ հետաքրքիր չեն այդ քոմենթները, ինձ հետաքրքիր չեն սոցիալական ցանցերը, ինձ հետաքրքիր չեն անադեկվատ մեկնաբանությունները` թե´ սոցիալական կայքերում, թե´ բարձրաձայն հնչեցված: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բարեբախտաբար, իմ կյանքում ստացվել է այնպես, որ ես վաստակել եմ իրավունքը՝ լինելու հայրենական հեռուստաշուկայի նախագծերից մեկի ժյուրիի կազմում: Ժյուրիում նստած` ես իմ իրավունքների շրջանակում աշխատում եմ: Այդ աշխատանքը կարող է 5 հոգու դուր գալ, 15-ին դուր չգալ: Ի՞նչ ասեմ, որպես այդպիսին` ես դա երևույթ չեմ համարում, որ դրան որևիցե կերպ անդրադառնամ կամ ընկղմվեմ սոցիալական ցանցերում տիրող բաների մեջ: Ես այնքան անտեղյակ եմ այդ ամենից:
-Փաստորեն, մինչև իմ զանգը չգիտեի՞ք, որ Ձեր պահվածքից ու խոսելուց շատ մարդիկ վիրավորվել են:
-Ձեզ ի՞նչ է պետք, սկանդալային ինտերվյու, ես դա չեմ կարող Ձեզ ապահովել: Աշխատանքս բավական շատ է, հիմա էլ «X-factor»-ի նկարահանումներին եմ ոչ ժյուրիի կարգավիճակում, այլ երեխաներին դուխ տալու: Դրանք դերեր են, դերեր, այսօր ժյուրիի դերում, վաղը հաղորդավարի, շոու է.. Շոու, որի ընթացքում կարելի է ձեռք բարձրացնել, ստոպ տալ ու ասել` ձանձրալի է: Դա մտնում է ժյուրիի ֆունկցիաների մեջ: Որևէ մեկին նեղացնելու մասին խոսք անգամ չկա: Ես 32-ամյա երիտասարդ եմ, որը վաղուց չի կայանում «X-factor»-ի մասնակիցների վրա, դա մեկ, երկրորդը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված և ընդհանրապես` մեր երկրում գոյություն ունեն այնքան մեծ խնդիրներ, որոնց շուրջ կարելի է խոսել: Չգիտեմ անգամ, թե լրատվամիջոցներն ինչու են այս ամենին այդքան անդրադառնում: Եթե նրանք իրենց ողջ Էներգիան ծախսեին շատ ավելի կարևոր հարցերի վրա, քան «X-factor»-ի մասնակցի վիրավորանքը, շատ-շատ հարցեր կլուծվեին: