Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա է գտնվել Կարին Հովհաննիսյանի ‹‹Ես մենակ չես/ I am not alone›› ֆիլմի պրեմիերային։ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում պերմիերայից լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև հայուհիների մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ»:
Նշենք, որ ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։ Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։
Դիտեք նաև՝