▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեզնից յուրաքանչյուրը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: 

Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի եւ անդառնալի հետեւանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ Հանրապետության նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաեւ կարճ ժամկետներում վթարի պատճառների եւ ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների եւ տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին