▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Ավետ Բարսեղյանին. հասարակական կարծիքն էլ թքած կարող է ունենա Ձեզ վրա

Բարև Ձեզ, հարգելի Ավետ Բարսեղյան, ճիշտն ասած մի պահ կասկածում էի, թե արդյոք արժի՞ հենց այս ձևաչափով արծարծել հարցը, բայց ի վերջո հանգեցի բաց նամակի տարբերակին, քանի որ դուք սոցիալական ցանցերում չկաք, ինչպես ինքներդ նշեցիք, իսկ այս ձևաչափը ավելի պաշտոնական է և կարող է տարածվել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև լրատվական և ինչո՞ւ ոչ, նաև ժամանցային կայքերում։ Եվ այսպես, անցնեմ բուն ասելիքիս։
Միանգամից ասեմ, որ ոչ մի առումով վատ նախատրամադրվածություն չունեմ Ձեր անձի նկատմամբ, իսկ դիտարկումներս զուտ Ձեր գործունեության առանձին ոլորտների, ինչպես նաև Ձեր դրսևորած վարքի առանձին դրվագների վերաբերյալ են։ Կարդալով Ձեր հարցազրույցը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հարցազրույց տվողն, այսինքն՝ Դուք, ինչ-որ երևակայական անջրպետ է դրել իր և մնացյալ հասարակության միջև, ընդ որում՝ իրեն երևակայում է որպես ինչ-որ էմպիրիկ ու վեհ կերպար, իսկ հասարակությունը՝ անմակարդակ ու անասնացած հոտ։ Մյուս բանը, որ աչք էր զարնում, տարրական էթիկայի կանոնների կա՛մ չիմացությունն էր, կա՛մ էլ անտեսումը, որը երևում էր հատկապես այն ժամանակ, երբ Դուք փորձում էիք գնահատական տալ Ձեր արարքներին ու խոսքերին։ Եվ վերջապես, մոտս այնպիսի տպավորություն է, որ Դուք կոմպետենտ չեք տվյալ շոուի կազմում ժյուրի լինելու համար, որովհետև խառնում եք Ձեր իրավասությունները։ Անդրադառնամ առանձին-առանձին։
Հարգելի Ավետ Բարսեղյան, դուք որքան ուզում եք կարող եք գրանցված չլինել սոցիալական ցանցերում, ի վերջո դա Ձեր անքակտելի իրավունքն է, բայց անտեսել հասարակական կարծիքը չեք կարող, որովհետև բացի «մշակութային տարր» լինելուց, ինչպես ինքներդ Ձեզ բնորոշեցիք, և ինչը ես կասկածի տակ եմ դնում, Դուք առաջին հերթին հանրային կերպար եք, որը կամա թե ակամա կախված է հասարակությունից ու հասարակական կարծիքից։ Եթե Դուք այսօր ասում եք, որ թքած ունեք հասարակական կարծիքի վրա (նման եզրահանգում կարելի է անել Ձեր իսկ հարցազրույցից), մի զարմացեք, որ հասարակական կարծիքն էլ թքած կարող է ունենա Ձեզ վրա, և Դուք ոչինչ էլ չեք կարող անել։ Դուք փորձում եք արծարծել այն փաստարկը, որ բոլորին չես կարող դուր գալ, բայց փորձեմ ցնցել Ձեր ինքնագնահատականն ու պատկերացումն առ Ձեզ եղած հասարակական վերաբերմունքի վերաբերյալ. հասարակական արձագանքի բացասականության աստիճանն առ Ձեզ հատկապես հայտնի տեսահոլովակից հետո կարող է համեմատվել միայն Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ, որովհետև իրոք շատ հազվադեպ է լինում, երբ ինչ-որ մի հարցի շուրջ մեր հասարակությունը այդպիսի կոնսոլիդացված դիրքորոշում է ունենում։
Անցնենք էթիկայի մասին։ Դուք հոխորտում եք, որ «կարո՞ղ է ծեծել եմ էդ աղջկան», իսկ ես Ձեզ ասում եմ, որ մնում էր՝ մի հատ էլ ծեծեիք։ Դուք ասում եք «ձանձրալի բառը վիրավորական չէ ու ոչ էլ հայհոյանք», իսկ ես Ձեզ ասում եմ, որ դուք ինքներդ երևի վատ կզգաք, եթե ինչ-որ մի մրցույթի մասնակցեիք, ու Ձեր աշխատանքը կոչեին, ասենք, ցածրակարգ ու ձանձրալի (որպես օրինակ եմ ասում), առավել ևս, եթե Դուք լինեիք 17 տարեկան։ Հետո, անդրադառնալով տվյալ աղջկա ելույթին, ինքն այդքան էլ վատ չէր երգում, ես կասեի անգամ լավ էր երգում, իսկ Դուք բռնեցիք ու բառիս բուն իմաստով կրկնկակոխ արեցիք այդ մարդուն, ու շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, որ դա արվել էր զուտ այն պատճառով, որովհետև այդ աղջիկը համարձակվել էր հակառակվել Ձեր ունեցած տեսակետին, որ կուռք ունենալը կամ անգամ այդ բառակապակցությունը ճիշտ չէ, և դա մանր վրեժխնդրություն էր Ձեր կողմից։ Հետո էլ, հարգելի´ս, մի մոռացեք, որ ոչ շոու մասնակիցներն են Նորա Ջոնսեր կամ Բարրի Ուայթեր, ոչ էլ, կներեք, բայց Դուք եք առանձնապես նշանակալի կերպար/մշակութային տարր, առավել ևս, եթե դատում ենք վերազգային մասշտաբներով։
Վերջապես կոմպետենտության մասին։ Խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ նայել, ասենք, նույն շոուի անգլիական տարբերակը ու անկասկած կտեսնեք, որ այնտեղ ժյուրիի անդամները ծաղրի չեն ենթարկում մասնակիցներին, նրանց արտաքին տեսքը ու անգամ երգեցողությունը։ Նրանք այնտեղ են պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու համար ու անգամ շոու սարքելիս դա անում են որոշ սահմաններում, իսկ Դուք սահմաններ չեք ճանաչում։ Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Ձեր համար ժյուրի լինելը հավասարազոր է ամենազոր աստված լինելուն ու հաճախ սկսում եք մասնակիցներին ծանակել անգամ այնպիսի բաների համար, որոնք բացարձակ կապ չունեն երգեցողության ու արվեստի հետ (հիշում եմ՝ մի անգամ մի մասնակցի խայտառակ արեցիք համալսարանում լավ չսովորելու համար)։
Ոչ մի կերպ չեմ ուզում վիրավորած լինել Ձեզ, հուսով եմ Ձեզ կհասնի այս բաց նամակը, իսկ մեջը հնչած քննադատությունը կդիտարկվի ոչ թե որպես կույր նախանձի կամ անտիպատիայի դրսևորում, այլ որպես բարի խորհուրդ։
Ձեզ ստեղծագործական հաջողություններ և մարդկային երջանկություն եմ մաղթում։

Հարգանքներով՝
Վահան Ղուկասյան

Կից նյութն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին