Հարգելի Պրն. Նախագահ , հայտնում եմ Ձեզ ՀՀ Դատախազության կողմից պատվերով իրականացվող հերթական քրեական գործի մասին:
13.02.2014 թ. դիմել եմ աշխատանքի տեսչություն, որ <<Քեյ Ար Ջի — ինվեստ >> ընկերության սեփականատերեր Ռ. Կանեցյանի ու Օ.Լոբախինայի կողմից ինձ չի վճարվել իմ աշխատավարձը:
Աշխատանքի տեսչության հանձնաժողովի նիստը լուսաբանվել է մամուլում: Նիստի ժամանակ պարզվեց, որ աշխատանքի տաբելների վրա իմ ստորագրությունները կեղծված են կամ բացակայում են:
Այս փաստերը ոչ իմ նախաձեռնությամբ լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից: Ես այդ փաստերի հետ կապված դիմել եմ դատարան քաղաքացիական դատավարության կարգով իմ խնդիրները կարգավորելու համար:
ԶԼՄ-ների հրապարակումներից հետո իմ աշխատավայր է եկել կենտրոնի հետաքննիչ Տիգրանյանը: Վերջինս ինձանից պահանջում էր , որ հաղորդում տամ աշխատավարձ չստանալու և իմ ստորագրությունների կեղծման վերաբերյալ:
Ես հրաժարվեցի՝ հայտնելով, որ դիմել եմ դատարան և քրեական հետապնդում Կանեցյանի և Լոբախինայի նկատմամբ չեմ ցանկանում սկսել:
Սակայն հենց հաջորդ օրը վաղ առավոտյան զանգահարեց, այնուհետև մեր տուն եկավ նույն հետաքննիչը և պարզվեց, որ ամուսնուս հրավիրել են կենտրոնի դատախազություն և համոզել, որ ազդի ինձ վրա` որպիսի ես հաղորդւմ տամ կատարված հանցագործության վերաբերյալ:
Ես այդ դեպքում էլ հրաժարվեցի: Սակայն հետաքննիչը ինձ ասաց,որ ինչ հայցով որ դիմել եմ դատարան` դա նշեմ, և միևնույն ժամանակ նշեմ, որ հրաժարվում եմ բացատրություններ տալուց: Ես դա արեցի միայն թե ինձ հանգիստ թողնեն:
Սակայն պարզվեց, որ իմ գրածը, որ դիմել եմ դատարան և հրաժարվում եմ բացատրություններ տալուց դատախազությունը դիտեց որպես հաղորդում և սկսեց նյութեր նախապատրաստել:
Չանդրադառնալով քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ապօրինություններին նշեմ ընդամնեը մեկը.
Ըստ քննիչի նշանակած ձեռագրաբանական փորձաքննության եզրակացության տաբելներում առկա ստորագրություններից մեկը իմը չէ, մյուսները պարզել հնարավոր չէ, մի մասում էլ ստորագրությունները բացակայում են իսպառ:
Սակայն այս հանգամանքներում նախաքննության մարմինը ոչ միայն կարճում է քրեական գործը, այլև հարուցվում է թիվ 13823114 քր. գործը, որով ինձ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` սուտ մատնության համար: Իսկ երբ ես սկսում եմ բողոքել, մեղադրող կողմը խիստ պատիժ՝ 6 ամիս ազատազրկում է պահանջում դատարանից ՝ պատճառաբանելով, որ պատիժը խիստ պետք է լինի, քանի որ համարձակվել եմ բողոքել իրենց դեմ:
Մեծարգո նախագահ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռ. Կանեցյանը որպես մեծահարուստ վաղուց է հետաքրքրել դատախազությանը որպես օբյեկտ: Այդ պատճառով էլ նրանց ամեն գնով պետք է եղել նրա դեմ հաղորդումը վերցնել, որպեսզի կարողանան նրան կանչեն քննության:
Իսկ կանչելուց հետո՝ հասնելով իրենց բուն նպատակին հավանաբար, նպատակը այնքան է բավարարված եղել, որ որպես բոնուս դատախազությունը որոշել է նվեր անի Կանեցյանին իր հետ լավագույնս այս կրիզիսի ժամանակ համագործակցելու համար: Այսիքն ամեն գնով ինձ մեղադրանք առաջադրելն է եղել, որը և արել են:
Ուղղակի գլխավոր դատախազի կոռուպցիայի դեմ հայտարարված <<պատերազմի>> շրջանակներում այսպիսի երևույթները ՀՀ արդարադատությունը վերածում են պատվերով համերգի և դառնում ուղղակի զզվելի, երբ այս ամենից հետո լսում ես արդարադատություն իրականացնողների ամպագորգոռ խոսքերը արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Որովհետև այսօր ՀՀ Դատախազության պատասխանատու պաշտոնյաները արդարադատություն իրականացնում են՝ նայելով Ռ. Կանեցյանի և նրա նմանների գրպանին:
Համոզված լինելով,որ այս նամակը հրապարակելուց հետո ՀՀ Դատախազությունը իմ համար ցմահ ազատազրկում կպահանջի,իհարկե եթե ձեռքը ճար լինի,բայց այնուամենայնիվ իմ պարտքն եմ համարում այս մասին հայտնել Ձեզ և Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում օրենքին լիակատար վերահսկողություն իրականացնող ՀՀ Դատախազությանը, նրա անաչառությանը և անկաշառությանը:
Կից ներկայացնում եմ հետաքննիչի կողմից ինձանից կորզած հաղորդումը և դատաձեռագրաբանական փորցագետի եզրակացությունից մի հատված:
Լուսինե Վարդանյան
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի պարզաբանումն ու տեսակետը: