▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ սիրելի Սերժին...

Սիրելի Սերժ... ըըը, ինչ եմ ասում, սիրելի Սերգեյ, հարգարժան մաեստրո, պռոստո` Յոժ,

Կարդացի քո բաց նամակը «Իմ` պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ կոլեգա Սերգեյ Դանիելյանից», որտեղ արդարացի քննադատություն ես հնչեցնում այն «վաստակավոր» ու «ժողովրդական» կոչումներով արվեստագետների հասցեին, ովքեր նախագահից պահանջում էին արգելել մի ուրիշ արվեստագետի` Սերժ Ավետիքյանի «Անուշ» ներկայացումը:

Ճիշտ ես ներկայացրել նախագահից արվեստի գործ արգելելու պահանջի ողջ անհեթեթությունը` «չհաշված փոքրիկ թերությունը», երբ հանուն սրամտության, ինչի պակասը չունես, ցուցաբերել ես «ազգային մշակութի» հանդեպ էդ նույն «վաստակավորների» հայացքները` մինուս նշանով: Եթե նրանք բացառիկացնում են էդ մշակույթը` կտրելով, տարանջատելով դա ընդհանուր պատմական, քաղաքական, սոցիալական մեծ կոնտեքստից` որպես առանձնահատուկ լավը, դու էլ նույնն ես անում` որպես առանձնահատուկ վատը:   

Գրում ես. «Աշխարհի ամենաթույլ դրամատուրգի անունով մայր թատրոն եք կոչել: Պեպոյին արձան եք կանգնեցրել թատրոնի բակում: Մի ստոր ռամիկ, որը պատրաստ էր մի քանի կոպեկով քրոջը ծախել Դարչոյին:

«Աշխարհի ամենաթույլ դրամատուրգ» տիտղոսը նույն սկզբունքով է տրվում, ինչ «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա»-ն, միայն թե` հակառակ նշանով: Բայց եթե «լուսապսակը» բանաստեղծության տրամաբանությանը բռնում է, քո մութապսակը չի բռնում «վաստակավորների» նամակին այլ մտածողություն հակադրելու տրամաբանությանը, այլ նմանվում է Պանիկովսկուն Շուռայի պես հակաճառելու «բա դու ով ես»-ին: Իսկ «բա դու ով ես»-ներով լեզվակռիվը սովորաբար վերջ չի ունենում, ամեն մի նման հարց բերում է «բա դու ով ես»-ների նոր շարան: Լուսապսակն ու մութապսակը նույն մեդալի երկու երեսն են, որ իրար սնում ու փոխպայմանավորում են: 

Պեպոն «ստոր ռամիկ» չէ (ձևակերպումը ցարական Ռուսաստանի ազնվականական վերապրուկ է հիշեցնում), «որը պատրաստ էր մի քանի կոպեկով քրոջը ծախել Դարչոյին», այլ իր ժամանակների բարքերի հայելին, ու եթե պիեսում Պեպոն անօժիտ քրոջ ողբերգությունը վերապրելու փոխարեն` «հերոսաբար» նրա գլխին օժիտն արհամարհելու ճառեր ասեր 21-րդ դարի բարձունքից, ուրեմն Սունդուկյանը իսկապես թույլ դրամատուրգ կլիներ: Միայն սովետական գաղափարախոսական թելադրանքը կարող էր Պեպոյի սոցիալական, բարոյական ընդվզումից հեղափոխական գիտակցություն ու պրոլետար կերտել համանուն ֆիլմում` որպես իշխանության պատվեր:

Օժիտի թեման հայկական ու սունդուկյանական թեմա չէ միայն, եթե ռուս դերասաններն էլ էդպես մտածեին, ուրեմն պիտի չխաղային Օստրովսկու «Անօժիտը» պիեսի հիման վրա Միխալկովի նկարած ֆիլմում: Ինչո՞ւ նման «ստոր» թեմաներ ու կերպարներ մարմնավորել, երբ կարելի է բարձր ու վեհ հերոսների խաղալ: Բայց դու էլ շատ դերասանների պես գիտես պատճառը, դրա համար էլ շրջանցում ես «հերոսներին» ու նախապատվություն տալիս հենց «ստոր ռամիկների» կերպարներին, քո Մեծմամեն ու Ջեմիկը դրա վառ օրինակներն են:

Օժիտը, առհասարակ, ամուսնության մեջ սոցիալական դիրքի ու նյութական կողմի հարցը ամենատարածված թեմաներից է ողջ համաշխարհային գրականության ու արվեստի մեջ: Էդ միայն հնդկական ֆիլմերում է, որ հարուստ իշխանազնը սիրահարվում ու ամուսնանում է աղքատ ռամկուհու հետ, իսկ իրական կյանքում Հարվարդի դասախոսը եթե ոչ Հարվարդի դասախոսուհու, ուրեմն Բերքլիի ասպիրանտուհու հետ է ամուսնանում:

Օժիտի սովորույթը գալիս է հնագույն աշխարհից, դեռ Բաբելոնի Համմուրաբի թագավորի սեպագիր օրենքներում (1790 մ.թ.ա) սահմանվում են դեպքերը, երբ ամուսինը պիտի վերադարձներ կնոջ օժիտը: Օժիտի ու հարսնագնի սովորույթները եղել են նաև հին Հռոմում ու Հունաստանում, իսկ Սունդուկյանի ապրած ժամանակներում լայնորեն տարածված էին Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, ամենուրեք: Ինքը` Ջորջ Վաշինգտոնը, ում դժվար է «ստոր ռամիկ» անվանել, չնայած սիրում էր իր ընկերոջ կնոջը, բայց ամուսնացավ հարուստ այրու հետ, ով փեսացուի «տուն» օժիտ բերեց  հազարավոր հեկտարներով հող, հարյուրավոր ստրուկներ, առանձնատուն և այլն, կապիտալ, որ օգնեց Վաշինգտոնին հարստանալ ու փայլուն քաղաքական կարիերա անել` դառնալով ԱՄՆ առաջին նախագահը:

Կյանքում լայնորեն տարածված օժիտն ու հարսնագինը բնականաբար լայնորեն էլ արտացոլվելու էին արվեստի ու գրականության մեջ, օրինակներ բերելու կարիք անգամ չկա, բայց մի օրինակ, այնուամենայնիվ, ուզում եմ բերել, քանի որ դա էլ «աշխարհի ամենաուժեղ դրամատուրգից» է: Շեքսպիրի Լիր արքան նունպես իր աղջիկներին օժիտով էր մարդու տալիս` քարտեզը վերցնելով ու պետությունը մաս-մաս փեսաներին բաժանելով. 

Մենք որոշել ենք հայտնել այժմվանից

Մեր աղջիկների օժիտն այլևայլ,

Որ ապագայում որևէ վեճի

Առիթ չմնա:

Իսկ երբ փոքր աղջիկը քույրերի պես չքծնեց թագավոր հորը, կատաղեց ու ի պատասխան դստեր անկեղծության` պատժեց նրան` զրկելով օժիտից.

Թող այդպես լինի,

Անկեղծությունդ լինի քեզ օժիտ:

Եթե ուզենանք 21-րդ դարի պատկերացումներով նայել «ամենաուժեղ դրամատուրգին», ստոր կերպարների առատությունից պիտի գլուխներս առնենք փախչենք 25-րդ դար: Շեքսպիրի նենգ ու դաժան հերոսները հո շատ հայտնի են, հիշենք մյուսներին, օրինակ` Պոլոնիուսին, որ աղջկան է ծախում` որպես Համլետից գաղտնիք կորզելու խայծ, կամ անսանձ կնոջը սանձահարողին, ում պատիժների արդյունքն այն եղավ, որ կինը սկսեց լուսնին արև ասել, գիշերվան` ցերեկ, որպեսզի ամուսնու կամքը կատարի. ո՞ր մեկը հիշես:

Բայց պատկերացրու` Անգլիայում ոչ մեկի մտքով չի անցել սաստել, թե ինչու են արյունարբու, մարդասպան ու մանկասպան Ռիչարդ Երրորդի ու լեդի Մակբեթի արձանները կանգնեցնում Անգլիայում: Որովհետև քանդակագործությունն էլ հերոսների քարե ալբոմ չի, այլ արվեստ, որ վառ ու հետաքրքիր կերպարներ է սիրում: Իսկ Հայաստանում, պարզվում է, հեգնանքի է արժանանում մի չարքաշ ձկնորսի արձանը, ինչ է թե` չէր ուզում քույրը օժիտ չունենալու պատճառով տանը պառավի:

Այնպես որ, սիրելի Սերգեյ, «վաստակավորների» բարոյախոսությանը ուրիշ բարոյախոսություն հակադրելը նույնքան մահացու հարված է արվեստի թիկունքին:

 

Հեղինակ` Վիոլետ Գրիգորյան

Աղբյուր` ejournal.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին