▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեմում մարմնավորած երկու կերպարներից մեկը Հայաստանն է ,մյուսը Սփյուռքը ... Արման Նավասարդյան

Մոսկվայի «Գավիթ» հայկական թատրոնի բեմում հերթական անգամ «Մեկը երկուսի համար» ներկայացումն էր : Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած Արման Նավասարդյանը հստակ չի հիշում ,թե թվով որերորդն է, բայց հիշում է,որ ներկայացումն առաջին անգամ Մոսկվայում ներկայացրել են 2021 թվականի դեկտեմբերին :

-Ամեն անգամ տարբեր զգացողություններ եմ ունենում , այս ամիս երեք ներկայացում ենք խաղացել ,երեկվա ներկայացումն ուրիշ էր նախորդ և հաջորդ օրվանից, հանդիսատեսը ջերմ է,այսօր անգամ շատ ջերմ , -մեր հետ զրույցում ասում է Արման Նավասարդյանը :

Ներկայացման հիմքում օտարության մեջ երկու հայի հանդիպումն է,ոչ սովորական պայմաններում ՝ հիվանդանոցում: Երկու ճակատագիր , մեկը արմատներով հայրենի հողում խրված , մյուսը թվացյալ օտարացած: Արմատները հայրենի հողով սնող ռամիկ մարդը իր փիլիսոփայությունը առել է կյանքից , հարազատներից . փիլիսոփայության հիմքում դնելով ամենաբարձր արժեքը՝ ընտանիքը , որի ամեն անդամի հոգսը ընտանիքի հայրը համարում է իր լուծելու խնդիրը :

Ներկայացման չերևացող կերպարն է գյուղացու կինը ՝ Անուշը :

Այստեղ է,որ ներկայացման մեջ ընդգծվում է հայ կնոջ դերը ընտանիքում և հայ տղամարդու կողմից կնոջ կարևորելը. 20 տարի օտարության մեջ դեգերող տղամարդը վստահ է,որ ընտանիքի կինը լրացնում է իր բացակայությունն ու պատվով է պահում ընտնաիքի անունը :

Զուգահեռ իրականության մեջ մյուս հայն է պառկած ,ով երեք անհաջող ամուսնություն է ունեցել այլազգիների հետ , և ով ներքին նախանձով է նայում սովորական կենցաղով ապրող այս ընտանիքին :

Արյան կանչով և հայրենակցի էներգիայով օտարացած հայը ուզում է վերադառնալ արմատներին ... ուշ է սակայն : Երկու հայ մեկտեղված երգում են . Թռչեի մտքով տուն , ուր իմ մայրն է արթուն...

Բեմից անդին հանդիսատեսի շարքերում լսելի են ձայնակցողները , այդ պահին ամեն մեկը մտքով իր հայրենի տուն թռչելով ...

Արման Նավասարդյանը ներկայացման ավարտին չի կարողանում զսպել հուզմունքը , հուզմունքը չի զսպում նաև դահլիճը, և թվում է վերջաբանի լռության մեջ բեմն ու հանդիսատեսը միաձուլվել են հայրենի կարոտի և օտարության մեջ խտացած ողբերգության տեսքով :

-Ո՞րն է ներկայացման տողատակը ,- հարցնում ենք ներկայացման ավարտից հետո Արմանին :

- Ես շատ եմ կարևորում այս ներկայացումը իմ կյանքում : Ինչքան էլ ապրեմ, հետո հետադարձ հայացք նետելուց սա այն եզակի գործերից մեկն է լինելու , որ կհամարեմ նվաճում , որովհետև այս ներկայացումը մեծ բովանդակություն ունի :

-Ի՞նչ կտանի այսօր իր հետ հանդիսատեսը :

-Ես ուզում եմ,որ հանդիսատեսը .... – ընդհատում է խոսք, ծխախոտի երկար ծուխ ձգում երկինք ու շարունակում,- այ տեսեք, շատ են լինում դեպքեր ,որ հանդիսատեսը ներկայացումից հետո գալիս գրկում և ասում է ,որ ուզում է վերադառնալ հայրենիք ,մենք էլ չենք կարողանում դիմանալ, իսկ ներկայացումից հետո ավելի է մեծանում հայրենիք վերադառնալու ցանկությունը : Երանի այդպես լիներ , երանի ներկայացումը լիներ պատճառ ,որ որոշում կայացնեին ետվերադարձի: Բայց ցավոք սրտի քաղաքը մեծ է , գնում են ձուլվում քաղաքի եռուզեռին ու Մոսկվան կլանում է նրանց: Բայց այս ներկայացումը փրփրուր չէ,որ շուտ անցնի , այն հանդիսատեսի ներսում անպայման նստվածք է տալիս:

Պատահական չէ,որ բեմում երկու հոգի են ՝մեկը խորհրդանշում է Հայաստանը ,մեկը սփյուռքը :

Վստահ եմ ,մենք տանը նստած չենք մտածում նման բաների մասին ,ինչի մասին խորհելու են ներկայացումից հետո : Պանդուխտի ողբերգություն կա ներկայացման մեջ , որն ամեն մեկը ներկայացման այդ երկու ժամերի ընթացքում ինքն իր մեջ դարձյալ լաց եղավ : Դեպի տուն ճանապարհը անպայման կիսատ մնաց ,ինչպես ներկայացման հերոսն ասեց, քանզի կիսատ կռիվներ կան ,որոնք ավարտին կհասնի միայն հայ ազգի տուն վերադարձով :

 

Նյութը ` Արմինե Մելքոնյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին