▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանական Ռոբսոնը, Սերժ Սարգսյանի Տրոյական ձին. Վարուժան Ավետիսյանի նոր հոդվածը

Ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատազրկված Վարուժան Ավետիսյանի նոր հոդվածը՝ փոխանցված  «Արմավիր» ՔԿՀ-ից.

«Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ճարտարապետության արմատական փոփոխությունը ավելի ու ավելի է տեսանելի դառնում:

Փոփոխվելու են սահմաններ, մասնատվելու են պետություններ, առաջանալու են նոր պետություններ:

Փոփոխվելու է նաև տարածաշրջանի՝ մեզ ներառող հատվածի ճարտարապետությունը, որը ձևավորվել է շուրջ մեկ դար առաջ՝ ռուս-թուրքական պայմանագրերով:

Ըստ այդմ՝ փոփոխվելու է նաև տարածաշրջանի գլխավոր դերակատարների ազդեցության աստիճանն ու համամասնությունը: Մասնավորապես՝ Ռուսաստանը դատապարտված է հանելու իր ռազմաքաղաքական բաղադրիչը և սահմանափակվելու տարածաշրջանի հարևանի կարգավիճակով: Թուրքիան մասնատվելու է և կորցնելու է Այսրկովկասի վրա իր ուղիղ, անմիջական ազդեցության լծակները:

Բնականաբար, փոփոխվելու է նաև տարածաշրջանի՝ Հայաստանը ներառող հատվածի ռուս-թուրք ճարտարապետության վրա հիմնված գաղութային համակարգը: Ռուսաստանը կորցնելու է այն կառավարելու լծակը, որ Ռուսաստանից Հայաստանի կախյալնությունն է, և գործիքը, որ մոսկվահպատակ հայաստանյան գաղութային վարչակազմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Զուգահեռաբար, դեռևս սուբյեկտի կարգավիճակ չունեցող Հայաստանը ալեկոծ ծովի քմահաճույքին հանձնված նավի նման վտանգված է, քանի որ պատրաստ չէ հետզհետե ահագնացող ներքին ու արտաքին գոյութենական մարտահրավերներին:

Այս ամենի համատեքստում գոյութենական մարտահրավերներին գաղութային համակարգի անհամապատասխանության մեծացման ու խորացման գործընթացը, որպես կառավարման համակարգային ճգնաժամ, մտնում է հաջորդ, շատ հավանական է՝ արդեն վերջին փուլ:

Մասնավորապես՝ սահմանային մակարդակին է մոտենում Հայաստանի պետական կառավարման համակարգի՝ փոփոխված սահմանադրաիրավական կարգավորումների ֆիկտիվության աստիճանը, այսինքն՝ իրավակարգավորումներն այլևս նախատեսում են հորիզոնական և բազմաշերտ կառավարման համակարգ, մինչդեռ այն զավթած ու նրա օրգանիզմի վրա մակաբուծող իրական կառավարման համակարգը՝ գաղութային վարչակազմը, դրա սահմանված կառուցվածքին ու գործառույթներին էապես ու ակնհայտորեն հակասող բրգաձև-ոհմակային է:

Իրավիճակային կողմնորոշման մեջ հմուտ, մարտավարորեն ճարպիկ Սերժ Սարգսյանը, որ, սակայն, թույլ է որպես ռազմավար, ինչի հետևանքով հայտնվել է իր իսկ ձեռքով ստեղծված այս ռազմավարական թակարդում, շարունակում է իրեն բնորոշ կերպով իրավիճակային, մարտավարական լուծումներ փնտրել:

Փնտրտուքը նրան կանգնեցրել է երկու հիմնական սցենարային լուծումների առաջ:

Մեկը Ռուսաստանից պլստալն ու փաթեթով Արևմուտքին հանձնվելն է, իսկ մյուսը՝ բանալիները մի այնպիսի միջնորդի հանձնելը, որ կերաշխավորի Յանուկովիչի հարևան դառնալու փոխարեն Արևմուտքում ապաստանելու և թալանածը վայելելու հեռանկարը:

Ավելի ստույգ՝ երկրորդը առաջինի կրճատ, նվազագույն տարբերակն է, ուստի դրանց հնարավոր համադրումը միանգամայն տրամաբանական է:

Սերժ Սարգսյանի ընտրության հնարավորությունը մեծ չէր, հատկապես, որ նրա հետ նման կեղտոտ գործարք կատարելու պատրաստակամություն ունեցող գործընկերը պետք է համապատասխաներ դրան իր անձնային ու կենսագրական չափանիշներով:

Այդ մարդը պետք է էությամբ Ռոբսոն լիներ, սակայն արդեն ոչ թե ռուսական քրեաօլիգարխիայի, այլ Արևմուտքում գտնվող պլուտոկրատիայի սպասարկու:

Եվ նախկինում Հայաստանի վարչապետի, իսկ ներկայումս՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը թերևս ամենահամապատասխան թեկնածուն է, մի յուրօրինակ Բրիտանական Ռոբսոն:

Դառնալով Սերժ Սարգսյանին, դժվար չէ կանխատեսել, որ նա մինչև վերջ ձգտելու է իրականացնել առաջին տարբերակը, այն է՝ Կարեն Կարապետյանի նման օգտագործել Արմեն Սարգսյանին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զոհաբերել նրան և շարունակել կառավարել՝ այս անգամ արեն որպես արևմտահպատակ բռնապետ:

Ռազմավարական, այդ թվում՝ քաղաքակրթական առումով դա հնարավոր է թե ոչ, որոշակիորեն վիճելի է, ուստի առավել ևս չի մտահոգում իրավիճակի վարպետ Սերժ Սարգսյանին: Բացի այդ, նա մտքում ունի նաև երկրորդ, նվազագույնի տարբերակը:

Սակայն սա այն դեպքն է, երբ գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Որովհետև աղվեսն իրականում գիտուն, առավել ևս՝ իմաստուն չէ, այլ ընդամենը խորամանկ է:

Ուստի արևմտյան համակարգայնության ու մեթոդականության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսայնի համար կդառնա Տրոյական ձի, որ նրան ամեն առումով կործանման կհասցնի:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեզ պետք է հետաքրքրի ոչ թե երկու սարգսյանների ազգադավ ոգորումները և դրանց արդյունքները, այլ սուբյեկտ դառնալու խնդիրը:

Հակառակ պարագայում Հայաստանը, որ Սերժ Սարգսյանի օրոք Ռուսաստանի վերհսկողության տակ գտնվող համակետրոնացման ճամբար է, Արմեն Սարգսյան տեսակի օրոք դառնալու է Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող փախաստականների ճամբար:

Համոզված ենք, որ ապագան չի ենթարկվելու Սերժ Սարգսյանի իրավիճակային նեղ տրմաբանության կամ Արմեն Սարգսյանի նեղ անձնական նկրտումներին ծառայող ռացիոնալ մեթոդականության չափանիշներին:

Ռազմավարությունն է որոշելու: Իսկ ռազմավարությունը, որպես մարմին, արարվում է ոգուց, որ անմահ է և անպարտելի:

Ապրելու և արարելու՝ հայ ոգուց ծնվող կենսական մղումը, որ երկար ժամանակ զսպվել է և այսօր արդեն լարվածության գագաթնակետին հասնող հակասության մեջ է ցեղասպան գաղութային համակարգի ու նրա գործունեության հետ, շուտով պոռթկալու է, կասեցնելու է երկիրը համակենտրոնացման ճամբարից փախստականների ճամբարի վերածելու գործընթացը և կերտելու է Հայկական սուբյեկտը:

Իսկ սերժսարգսյանների և արմենսարգսյանների՝ Հայաստանը որպես ճամբար, իրենց էլ՝ ճամբարի պետ պատկերացնող տեսակը պատասխան է տալու Հայրենիքն ու պետականությունն անձնական շահի և առևտրի առարկա դարձնելու համար»:

 Վարուժան Ավետիսյան

«Արմավիր» ՔԿՀ

26.02.2018թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին