Ցավում եմ Եռաբլուրում զոհվածների մայրերի հետ կատարվածի համար, կհանդիպեմ նրանց հետ․ Վահե Ղազարյան
|
Թարմացված․ Այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ լրագրողներից մեկը հարցրեց. «Ասացիք՝ ցանկություն կա՝ ունենալ ձեր երազած ՆԳՆ-ը, ինչպիսի՞ն է այն, արդյոք այդտեղ չեն լինելու ծեծող, խոշտանգող ու, մեղմ ասած, անգրագետ ոստիկաններ»: Ղազարյանն արձագանքեց. «Իրոք ունենք դեպքեր, որոնք ոչ մեկիս կողմից չեն արդարացվում: 2023-ին ձևավորեցինք ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն, ու իմ կողմից խնդիր է դրված՝ խիստ պայքարել բռնության ու կոռուպցիայի դեմ: Իրենց աշխատանքի գնահատականը լինելու է դա»: |
|
Թարմացված․ Ասուլիսի ժամանակ լրագրողները ՆԳ նախարարից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են պարեկները կանգնեցրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան, արդյո՞ք հրահանգը ստացել են Փաշինյանից: «Ընդամենը տեղյակ եմ, որ պարեկային ծառայողը զգուշացրել է, որ շարասյունով երթևեկելու իրավունք չկա: Գիտեմ, որ շատ կուլտուրական մոտեցել է մեր ծառայողն ու զգուշացրել, ավելորդ բան, ինձ թվում է՝ թույլ չի տվել, եթե այլ բան կա, կխնդրեմ ներկայացնել»,- ասել է Ղազարյանը: |
|
Թարմացված․ «Կա՞ լարվածություն ձեր ու ձեր տեղակալների միջև, մասնավորապես, Արփինե Սարգսյանի: Ըստ տեղեկությունների՝ նա աչք ունի ձեր աթոռի վրա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ հարցրեց լրագրողը: Ղազարյանը ժպտաց, ապա պատասխանեց. «Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, աշխատանքային ջերմ հարաբերությունների մեջ եմ տիկին Սարգսյանի հետ: Ու հետո, մի բան, էլի. ոչ մեկիս համար սա հավերժ չի, մի օր եկել ենք, մի օր գնալու ենք»: |


