Բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկություն որոշակի հետաքրքրություն է առաջացնում:
Հասարակությունն արդարացիորեն ցանկանում է իմանալ, թե ինչո՞ւ է այս կամ այն անձը պաշտոնանկ արվել, որո՞նք են դրա հիմքում ընկած պատճառները, արդյո՞ք պետք է բավարարվել միայն պաշտոնից ազատելով, թե՞, այնուամենայնիվ, այլ հետևանքներ ևս պետք է հաջորդեն…
Ցավոք սրտի, մինչ օրս որևէ ողջամիտ բացատրություն չի տրվել, եթե ‘’Սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից’’ բառակապակցությունը համարենք խաղից դուրս…
Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, որն այդ պաշտոնը ստանձնել էր տառացիորեն ս.թ. սեպտեմբերի 4-ին:
Վստահ եմ, որ այս դեպքում նույնպես որևէ ողջամիտ բացատրություն չի տրվելու:
Հարց է առաջանում. Եթե այդ անձը չէր համապատասխանում այդ պաշտոնին, ինչո՞ւ նշանակեցիք, եթե համապատասխանում էր` ինչո՞ւ ազատեցիք…
Մեծ հաշվով, ինձ հետաքրքիր չէ ո՛չ այդ անձը, ո՛չ էլ նրա պաշտոնը:
Ավելի շատ ինձ հետաքրքրում է հասարակության առջև քաղաքական իսթեբլիշմենթի հաշվետու լինելու ինստիտուտի բացակայությունը, որն այդպես էլ արմատավորվել է ի սկզբանե…
Եվ այսպես եղել է միշտ. հասարակությունը մղվել է հետին պլան, շպրտվել խաղից դուրս, ինչը հնարավորություն է տվել երկրի քաղաքական համակարգին ու այն մարմնավորող սուբյեկտներին դուրս գալ նրա վերահսկողությունից` իր բոլոր հետևանքներով հանդերձ…
Քննարկման այլ հարց է, թե ինչու է հասարակությունը հայտնվել այսպիսի խղճուկ վիճակում և ստանձնել այս կամ այն անհատի կամ խմբավորման շահի սպասավորի կարգավիճակը…
Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենն, ի վերջո, շտկվելու է, և վաղ թե ուշ հասարակությունը վերագտնելու է իր դերը...
Ցավոք, մի զարմանալի զուգադիպություն ևս նշմարվում է. եթե պալատական վերնախավի վարքագիծը ինչ-որ տեղ հասկանալի է /մարդիկ ինչ ուզում, այն անում են, ոչ մեկ չի կարող բռնել նրանց ձեռքը/, նույնքան անհասկանալի է հրապարակի ձայնը, երբ բացեիբաց ազդարարվում է, որ ‘’Ձեր փոխարեն մենք կորոշենք ամեն ինչ, մեծարգո՛ հասարակություն… Դուք միայն ծափահարե՛ք…’’
Ինչո՞ւ եք այսքան Դուք նման իրար…
Ձեր փոխարեն մենք կորոշենք ամեն ինչ, մեծարգո՛ հասարակություն… դուք միայն ծափահարե՛ք…
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet