▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չհայտարարված պատերազմը սկսվել է

Ես վախենում եմ չվախեցողներից. չհայտարարված պատերազմը սկսվել է

Գիշերը Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Մերոնք այն հաջողությամբ չեզոքացրել են. ադրբեջանցիք զոհեր են տվել, բայց մենք էլի զինվոր ենք կորցրել՝ 25-ամյա երիտասարդի:

Այս ամենն արդեն նման չէ նախորդ ժամանակների խրոնիկային, երբ ամիսը մեկ անգամ սահմանային միջադեպ էր լինում, ու հասարակությունն էլ մի քանի ժամով կամ օրով կտրվում էր առօրյա իրականությունից՝ տեղի ունեցածը քննարկելու, նահատակ հերոսին ըստ արժանվույն մեծարելու համար:
Չհայտարարված պատերազմը սկսվել է՝ առայժմ լոկալ, գուցե՝ վերահսկելի:
Բայց չկա որևէ երաշխիք, որ մեկ ժամ հետո, մյուս շաբաթ այն չի վերածվելու լայնամասշտաբ ռազմական գործողության:

Ռոբոտացման ինչ-որ գործընթաց եմ տեսնում. հաշվում ենք մեր ու նրանց զոհերը: Ուրախանում ենք, որ նրանցը շատ է:
Այս թվաբանական, ցինիկ հաշվարկի արանքում՝ մարդկային կյանքը կորցնում է գինը՝ դառնալով գրոշ, պատերազմը ավելի է մոտենում մեր դռանը՝ գիշատիչի պես սպասելով նոր զոհերի:

Միայն ՊՆ պատասխանատուներն են մեկնաբանություններ տալիս:
Կնշանակի՝  «պատերազմական ռեժիմը» անկոչ հյուրի պես թափանցել է մեր կյանք:
Եռաբլուրի տարածքը մեծանում է, կնշանակի՝ փոքրանում է այն իրական Հայաստանի ծավալը, հանուն որի՝ 20-22 տարի առաջ նահատակվել են մեր ընկերները:Համանախագահները կցկտուր հայտարարություններ են անում, որոնցից հասկացվում է, որ պատերազմի հոտն առել են, բայց այն կանխելու անզորությունից՝ սեփական դեմքն են փրկում:Բանակն իր գործն է անում ու՝ պատվով:

Իմ հարցերը նրան ուղղված չեն. նախագահին ու ԱԳ նախարարին են ուղղված:
Արդյո՞ք Էդվարդ Նալբանդյանի գերատեսչությունում հարմարվել են, որ պատերազմական ռեժիմ է,  ու հասարակությունը պատասխաններ պետք է ստանա բացառապես բանակից, արդյո՞ք կանխատեսվում էր այն, ինչը տեղի է ունենում:
Պատերազմը չոքել է մեր դռանը, ու հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչո՞ւ անարձագանք մնաց նախագահ Օլանդի՝ երկու նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը:

Պատերազմը արդեն թակել է մի քանի հայկական օջախների դռներ, ու հասրակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչո՞ւ մեր անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ն չի արձագանքում, իսկ ՙՙռազմավարական դաշնակից՚՚ Ռուսաստանն էլ շարունակում է զինել Ադրբեջանին:

Մասնագիտական հմտություններս թույլ են տալիս ենթադրել, որ առկա է ճգնաժամը հաղթահարելու ռեսուրս, պոտենցիալ: Արդ, ինչո՞ւ է դիվանագետը թաքնվում զինվորականի ստվերում՝ իր առաքելության կիսատությամբ մոտեցնելով աղետը:
Ես վախենում եմ չվախեցողներից. չհայտարարված պատերազմը սկսվել է...

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին