▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չփորձե'ք որոշումը միակողմանի ներկայացնել.Արծվիկ Մինասյանը` կառավարությանը

Ես և մեր գործընկերները պետք է ամեն ինչ անենք, որ քննարկվի այս ամենը և թույլ չենք տա ոչ սահմանադրական միջամտություն: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Իշխանության առանձին ներկայացուցիչներ ինչքան էլ փորձում էին  ՍԴ-ի նկատմամբ գործադրել իրենց ճնշումը, իրենց պարտադրվող մոտեցումները, ըստ էության, այս ամենն էական դեր չխաղաց` ՍԴ-ի վերջնական որոշման կայացման շրջանակում: Սա քաղաքացիական, սահմանադրական պետության քայլ է: Մենք թշնամի չունենք այս պայքարի մեջ: Իսկապես ուզում ենք, որ այս հաջողություննն ընկալվի որպես քաղաքացիական հասարակության, ժողովրդի, պետականության հաջողություն: Սա անհատական հաջողություն չէ»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հակասահմանադրական ճանաչված դրույթների ժամկետին, որն է` մինչև սեպտեմբերի 30-ը, պատգամավորը նշեց, որ ՍԴ-ն  շեշտել է դրա   նպատակը.

«7-րդ կետում ասվում է` Սահմանադրությանը հակասող ճանաչվող դրույթների վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, հնարավորություն տալով  ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին: Այսինքն` երկարացման ժամկետը նպատակ ունի միայն համապատասխանեցնել, այլ ոչ թե պարտադիր նորմերը գործադրել»,-նկատեց պատգամավորը` հավելելով.

«Կառավարությունը կփորձի ներկայացնել, թե օրենքի նորմերը գործում են մինչև սեպտեմբերի 30-ը: Առաջիկա օրերին, երբ որ կստանանք ամբողջական որոշումը` իրավական դիրքորոշումներով հանդերձ, հստակ պահանջներ կառաջադրենք թե' կառավարությանը, թե' ԱԺ-ում»,-ասաց Արծվիկ Մինասյանը` զգուշացնելով կառավարության առանձին ներկայացուցիչներին` չփորձել ՍԴ որոշումը միակողմանի, նեղ և միայն առանձին շահերից ելնելով մեկնաբանել:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ գործատուն կառավարությունից իրավունք ունի հետ պահանջել գումարը, իսկ, եթե իր մոտ է, պարտավոր է վերադարձնել աշխատողին: «Պետական մարմինները պարտավոր են ենթարկվել ՍԴ որոշմանը»,-շեշտեց բանախոսը:

Պատգամավորը, ամփոփելով ամենը, «Դեմ եմ»-ին կոչ արեց չթուլանալ, քանի որ պայքարը տեղափոխվելու է ԱԺ:

Նա, միևնույն ժամանակ, շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, մասնակիցներին, աջակցողներին, ովքեր իրենց օգնեցին դատարանում պատշաճ հանդես գալ:

«Շնորհակալություն, որ ՍԴ-ն գտնվեց իր բարունքի վրա»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին