Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունն այսօր մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել այն հիմնավորմամբ, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

Մեղադրող կողմը, սակայն նշել էր, որ գրավը չի կարող պատշաճ վարքագիծն ապահովել, եւ որ ամբաստանյալը կարող է ազդել գործով ներգրավված վկաների վրա։
Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Գրիգորյանը կրկին դատարան չէր բերվել՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև. դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է գրություն՝ ստացված Մանվել Գրիգորյանից:
Գրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։


